Մի խումբ երիտասարդներ վաղ առավոտից չեն լքում 9/56 եւ 9/57 ընտրատեղամասերը (տեսանյութ)
Նորագյուղում գտնվող Հիդրոպոնիկայի ինստիտուտում տեղակայված 9/56 եւ 9/57 ընտրատեղամասերին հարող տարածքը մի խումբ երիտասարդներ վաղ առավոտից չեն լքում։ «Ա1+»-ի հետ զրույցում երիտասարդները նշել են, որ մոտավորապես 15 րոպե է, ինչ ընտրատարածքում են։ «Մասնակից ենք, սպասում ենք մեր հերթին, որ ընտրենք»։ Մինչդեռ «Կոնգրես - ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչ Աննա Պիվազյանի խոսքերով, երիտասարդները առավոտից չեն լքում ընտրատեղամասը։ «Սկզբում ներկայանում էին առանց փաստաթղթերի, հետո երբ մենք փորձեցինք նրանց հանել, ասացին որ ինչ-որ անհայտ հասարակական կազմակերպության ներկայացուցիչ են։ Հիմա մի փոքր իրենց ավելի հանդարտ են պահում, բայց մինչ այդ իրենց ագրեսիվ էին պահում՝ կարծես իրենց անձնական տարածքն է։ Առավոտվանից իրենք այստեղ են, չեն լքում տարածքը»։ Մեր տեսախցիկն արձանագրել է նաեւ, թե ինչպես են երիտասարդների ուղեկցությամբ ծեր կանայք մտնում ընտրատեղամաս, նույն երիտասարդների ուղեկցությամբ նրանք անցել են նաեւ ողջ ընթացակարգը, ապա նույն երիտասարդների ուղեկցությամբ մտել են քվեախուց՝ ընտրություն կատարելու։