«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի դիտարկումները
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը 2017 թ. ապրիլի 2-ի ժամը 12:00-ի դրությամբ արձանագրել է հետևյալ իրավիճակը. Դիտարկված տեղամասային կենտրոնների 77 % դեպքերում մուտքը հարթ չէ, կան աստիճաններ: Թեքահարթակը բացակայում է 70 %-ում, իսկ առկա թեքահարթակների միայն կեսն է համապատասխանում սահմանված չափանիշներին: Դիտորդները լիովին անմատչելի են գնահատել դիտարկված տեղամասերի 20 %-ը: Տեսողության կամ լսողության խնդիրներ ունեցող անձանց քվեարկության կազմակերպման համար հատուկ միջոցներ նախատեսված չեն տեղամասերի 49 %-ում: Տեղամասերի 60 %-ում խոշորացույցներ առկա չեն եղել, 83 %-ում չեն եղել մեծ տառատեսակով պաստառներ: Թեև ԿԸՀ որոշմամբ նախատեսվում էր անհրաժեշտության դեպքում կիրառել սուրդոթարգմանություն, այնուամենայնիվ դիտարկված տեղամասերի 1 %-ում են միայն սուրդոթարգմանիչներ նախատեսված եղել: Դիտարկված տեղամասերի 5 %-ում հանձնաժողովի անդամների գործառույթները վիճակահանության հիման վրա չեն սահմանվել: Իսկ կեսօրի դրությամբ տեղամասերի 9 %-ում վիճակահանությամբ գործառույթների փոփոխության կարգը չի պահպանվել: 8 % դեպքերում հանձնաժողովի նախագահը չի տիրապետել իր գործառույթներին: Դիտարկված տեղամասերում նկարահանվող քվեասենյակների 5 %-ում քվեախցիկների ներսը նկարահանող սարքի տեսադաշտում է եղել, այսինքն՝ տեսախցիկը կարող է խախտել քվեարկության գաղտնիությունը: Թեև քվեարկության գաղտիության ապահովման նպատակով նախատեսված էր քվեարկությունից առաջ քվեաթերթիկների համար նախատեսված արկղերում նախապես դնել ընտրությունների մասնակից կուսակցություներից և դաշինքներից 3-5-ական քվեաթերթիկ, այնուամենայնիվ դիտարկված տեղամասերի 20 %-ում մինչև քվեարկությունը սկսվելը չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղերում քվեաթերթիկներ առկա չեն եղել: Դիտարկված տեղամասերի 5 %-ում տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների բացակայությունը հավաստող (0-ական) տեղեկանք չի տպվել: Տեղամասի բացումից առաջ կամ բացման հետ կապված խնդիրներ են եղել դիտարկված տեղամասերի 7 %-ում: Մինչև կեսօր տեխնիկական սարքավորման հետ խնդիրներ չեն եղել դիտարկված տեղամասերի 16 %-ում: Սարքը դժվարությամբ է ընթերցել անձը հաստատող փաստաթուղթը տեղամասերի 32 %-ում: Մատնահետքերի ընթերցման դժվարություն է եղել դիտարկված տեղամասերի 44 %-ում: Դիտարկված տեղամասերի 7 %-ում սարքը վառել է դեղին ազդանշան, սակայն տվյալները ձեռքով մուտքագրելուց հետո վառել է կանաչը: Սարքը արգելափակվել է տեղամասերի 6 %-ում: Դիտարկված տեղամասերի 52 %-ում գրանցվել է միաժամանակ մի քանի անձի մուտք քվեախցիկ, այս թիվը չի ներառում գրանցված օգնողներին: Դիտարկված տեղամասերի 35 %-ում գրանցվել են ընտրողների կողմից քվեաթերթիկները քվեախցիկներից դուրս լրացնելու դեպքեր: Դիտարկված տեղամասերի 6 %-ում դիտորդները նկատել են, որ ընտրողներն իրենց քվեաթերթիկները նկարել են: Քվեարկելուց հետո հանձնաժողովի անդամներին կամ վստահված անձանց իրենց քվեարկության մասին տեղեկացնելու կամ բարձրաձայնելու դեպքեր են արձանագրվել դիտարկված տեղամասերի 15 %-ում: Դիտարկված տեղամասերի 18 %-ում գտնվել են տեղամասում ներկա գտնվելու իրավունք չունեցող անձինք: Դիտարկված տեղամասերի 42 %-ում գտնվել են վկայականը տեսանելի չկրող անձինք: Ինքնուրույն քվեարկելու կարողություն չունեցող անձանց քվեախցիկում օգնողների տվյալները չեն գրանցվել դիտարկված տեղամասերի 17 %-ում: Դիտարկված տեղամասերի 22 %-ում վստահված անձը կարգադրություններ է տվել ներկաներին՝ իրեն վերագրելով հանձնաժողովի նախագահի լիազորություններ: Դիտարկված տեղամասերի 28 %-ում արձանագված խախտումները և գնահատականները չեն գրանցվել գրանցամատյաններում: Դիտարկված տեղամասերի 36 %-ում գրանցվել է վիճաբանություն, իսկ մեկ տեղամասում՝ ծեծկռտուք: Դիտորդների գնահատմամբ՝ հանձանաժողովի անդամների 27 %-ը լավ չի տիրապետել իր գործառույթներին: «Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդների իրավունքները խախտվել են դիտարկված տեղամասերի 5 %-ում: «Անկախ դիտորդ» հասարակական դաշինք Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Իրազեկ քաղաքացիների միավորում Մարտունու կանանց համայնքային խորհուրդ Գորիսի մամուլի ակումբ