Հարուցված քրեական գործերն` ըստ մարզերի
Ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ստացված հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու արդյունքում հարուցվել է 6 քրեական գործ` մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքերի առթիվ, որոնցից 3-ը` Երեւանում, 3-ը` մարզերում: Ստորեւ ներկայացնում ենք հարուցված քրեական գործերը` ըստ մարզերի. 1.ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 16/03 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ։ Քննչական վարչությունում ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արմավիր քաղաքի բնակիչ Ա. Կաղզվանցյանը ԱԺ ընտրություններին մասնակցելու համար 2017 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 08:15-ին, գնացել է Արմավիր քաղաքում գտնվող թիվ 16/3 ընտրատեղամաս͵ սահմանված կարգով ստացել քվեաթերթիկները եւ կատարել իր քվեարկությունը։ Ժամեր անց ընտրողը կրկին գնացել է նույն ընտրատեղամաս եւ փորձել կրկին մասնակցել քվեարկությանը, սակայն նշված հանգամանքը հայտնաբերվել է ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու առիթ և հիմք` ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով։ Ա. Կաղզվանցյանը ձերբակալվել է։
- ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 34/67 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ։
- ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում թիվ 36/25 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամի կողմից մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ: