«Չշտապել շնորհավորել որևէ կուսակցության». դիտորդների զգուշացումը (տեսանյութ)
Հանրապետական կուսակցության ձայների քանակը դեռ չի նշանակում, որ այդ ուժը միանշանակորեն հաղթել է ընտրություններում։ Հայաստանցի դիտորդները խորհուրդ են տալիս դեռ սպասել։ «Ավարտվել է ընտրությունների օրը, սակայն ընտրական գործընթացներն ավարտված չեն։ Կխնդրեի, բոլորին, հատկապես միջազգային հանրությանը՝ չշտապել շնորհավորել որևէ կուսակցության»,- ասում է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ Լուսինե Հակոբյանը։ Քվեարկության ընթացքը դիտարկած հայաստանցի դիտորդները խախտումների փաստերով պատրաստվում են գնալ բողոքարկման ճանապարհով, ընդհուպ մինչև Սահմանադրական դատարան։ Իսկ նրանց արձանագրած ընտրախախտումներն անցնում են հազարի սահմանագիծը։ Քաղաքացի դիտորդ նախաձեռնության 3112 դիտորդներն ընտրախախտումներ են արձանագրել 1500 ընտրատեղամասերից 500-ի դեպքում։ Խախտվել է քվեարկության գաղտնիությունը, չեն աշխատել մատնահետքերը ֆիքսող տեխնիկական սարքերը, գրանցվել են ընտրողների կուտակումների դեպքեր։ Դիտորդների գնահատմամբ՝ խախտումներ եղել են ոչ միայն բուն քվեարկության օրը։ Նախընտրական շրջանն էլ լի է եղել կաշառքի, վարչական ռեսուրսների չարաշահման մասին ահազանգերով։ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ Սոնա Այվազյանը նշում է. «Արդյունքները, որ այսօր ստացել ենք, դա առնվազն մի քանի ամսվա աշխատանքի արդյունքն է։ Ստեղծվել է այնպիսի մի միջավայր, որ քաղաքացիները ազատ կամք դրսևորելու հնարավորություն չունեն»։ «Անկախ դիտորդ» նախաձեռնությունն արձանագրում է՝ տեղի ունեցած չարաշահումներն էականորեն ազդել են քվեարկության արդյունքի վրա։ Բայց Դանիել Իոաննիսյանը դժվարանում է խոսել թվերով։ «Որքանով են ազդել՝ 200 000, կամ այլ չափով, դա դժվար է գնահատել, որովհետև ընտրությունը քիչ թե շատ ընտրություն պետք է լինի։ Երբ ընտրությունները վերածվում են թատրոնի, դա դժվար է գնահատել։ Երբ տեսնում ես ընտրական տեղամաս, որտեղ ժամեր շարունակ չես տեսնում գոնե մեկ ինքնուրույն քվեարկություն, այդ ընտրատեղամասում ընտրություններ չեն, այդ ընտրատեղամասում թատրոն է»։ «Ժողովրդավարական ընտրությունների Եվրոպական պլատֆորմ»-ը համաձայն է հայաստանցի գործընկերների արձանագրած խախտումների ծավալի հետ։ Սահմանադրական հանրաքվեի ընթացքի մասին կոշտ դիտարկումներ արած այս կազմակերպությանը իշխանությունն ԱԺ ընտրությունը դիտարկելու հրավեր չուղարկեց։ Բայց դա չխանգարեց նրանց լինել ընտրատեղամասերում որպես լրագրողներ և կարծիք ձևավորել։ Միջազգային կազմակերպության անդամ Լիլիա Շաբանովան ասում է. «Իհարկե կան մասսայական դիտողություններ և նրանք պետք է լինեին, քանի որ շատ նոր ընտրական պրոցեդուրաներ կային, և սխալներ կային քվեարկության կազմակերպման համար, և իհարկե լուրջ խախտումներ։ Դրանցով հստակ պետք է զբաղվել հետընտրական շրջանում»։ Իսկ վաղը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվելու են ընտրողների ստորագրած ցուցակները։ Դիտորդներն ընտրությանը չմասնակցած քաղաքացիներին կոչ են անում ստուգել՝ արդյոք իրենց տեղը որևէ մեկը քվեարկել է, և խախտում հայտանաբերելու մասին տեղեկացնել իրենց։