Ինչպես է առաջացել ընտրողների մեծ թիվը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների օրը 200-ից ավելի հեռախոսային ահազանգեր են ստացվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը` ընդգծելով, որ իրենք հետեւել են նաեւ լրատվական կայքերում տարաբնույթ հրապարակումներին եւ փորձել են առավելագույն արագությամբ միջոցներ ձեռնարկել ահազանգերի հանգամանքները պարզելու համար։ Անդրադառնալով մատնահետքերը ճանաչող սարքերի անսարքության մասին ահազանգերին նա նշեց, որ տեղամասային կենտրոններում տեղակայված են եղել 4000 սարք, որոնց միայն 1 տոկոսն են խափանումների ենթարկվել։ Որքանով է հավաստի լուրերը, որ ընտրական ցուցակներում ընդգրկված 2.5 միլիոն քաղաքացի կա Հայաստանում։ Տ. Մուկուչյանն ընդգծում է՝ ընտրողների ցուցակներում ընդգրկվում են բոլոր այն քաղաքացիները, որոնք ՀՀ քաղաքացի են, ունեն հաշվառում եւ նրանց 18 տարին լրացել է։ «Եթե անձը հաշվառված է Հայաստանում, ապա նրա վերաբերյալ տվյալները ընտրողների ցուցակներում պետք է լինեն՝ անկախ նրանից, թե որտեղ է բնակվում: Տեխնիկական սարքավորումների կիրառումը, տեղական ընտրական հանձնաժողովներում ուղիղ հեռարձակում իրականացնելը, նախատեսված է հենց այն նպատակով, որպեսզի բոլորի մոտ ձեւավորվի այն հստակ դիրքորոշումը, որ Հայաստանից բացակայող քաղաքացիների փոխարեն, կամ քվեարկության օրը տեղամասային կենտրոն չայցելած քաղաքացիների փոխարեն որեւէ մեկը քվեարկություն չի իրականացրել: Հանցագործություն այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ տեղի է ունեցել, թե ոչ՝ կպարզվի բավականին շատ եւ նոր գործիքների միջոցով: Եթե նույնիսկ ցուցակներում կան քաղաքացիներ, որոնք բնակվում են Հայաստանում, բայց տեղամասային կենտրոն չեն հաճախում, նրանց փոխարեն քվեարկությունը եւս հանցագործություն է»: