Հանրապետականի համար հիմա ավելի դժվար է լինելու. Մարգարիտ Եսայան
Դեպի հաղթանակ Հանրապետական կուսակցության ընթացքը դժվար է եղել. «Որովհետև մենք ունեինք վստահության դեֆիցիտ, դժվար էր, որովհետև մենք հասարակությանը մեր խոստումներով պիտի ապացուցեինք, որ մենք իսկապես փոխվում ենք»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է Հանրապետական կուսակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը։ Բայց իշխանությունը նորից ստանձնելուց հետո Հանրապետականի համար ավելի դժվար է լինելու։ Խոստովանում է Հանրապետական պատգամավորը։ Խոստումներ են տվել ու պետք է իրականացնեն։ «Բայց մենք պատրաստ ենք դրանց, որովհետև պահի լրջությունը գիտակցում ենք ամբողջովին։ Մենք այլևս ոչ սխալվելու, ոչ հապաղելու, ոչ հապաղելու, ոչ այս կամ այն բանը չանելու օբյեկտիվ պատճառներ գտնելու իրավունքը չունենք»,- ասում է Մարգարիտ Եսայանը։ Նա իրականության հետ աղերս չունեցող է համարում ընտրակաշառքի մասին խոսակցությունները։ Ավելին՝ դատապարտում է ժողովրդին փող վերցնելու մեջ մեղադրողներին. «Ավելի տգեղ և ավելի դատապարտելի վերաբերմունք կամ պահվածք ես ուղղակի չեմ պատկերացնում»։ Ըստ նրա՝ ընտրակեղծիքների մասին չի խոսում անգամ տնօրենների 114 ձայնագրությունը, որում նրանք խոստովանում են, որ ՀՀԿ-ի համար ձայներ են հավաքում։ Ընտրողներ փորձել են ներգրավել այլ ուժերն էլ. «Օրինակ՝ քարոզարշավի ընթացքում մեր տուն զանգահարել են, հեռախոսը վերցրել է որդիս, ասել են, որ մենք Տիգրան Ուրիխանյանի նախընտրական շտաբից ենք և խնդրում ենք մեր թեկնածուին ձայն տաք»,- անկեղծանում է Մարգարիտ Եսայանը։ Խոսելով երբեմնի ահեղ մրցակիցների անհաջողությունից՝ Մարգարիտ Եսայանը ափսոսում է, որ խորհրդարանում չի տեսնի Հրանտ Բագրատյանին, Անահիտ Բախշյանին, Լևոն Զուրաբյանին։ Իսկ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի չանցնելու պատճառը առաջին նախագահի անկեղծությունն է համարում։ Մարգարիտ Եսայանը նշում է. «Լևոն Տեր-Պետրոսյանն առանց ձևեր թափելու ասաց Ղարաբաղյան խնդրի կարգավորման իր տեսլականի մասին։ Սա չընդունվեց մեր հասարակության կողմից»։ Դեռ պարզ չէ՝ Հանրապետականը միայնա՞կ կառավարություն կկազմի, թե ՀՅԴ-ն էլ կընդգրկվի գործադիրում։ Հստակ է միայն մեկ հանգամանք, թե ով է լինելու վարչապետը։ «Մեր թեկնածուն Կարեն Կարապետյանն է, և կարծում եմ՝ արժանի է, որովհետև ամենաբազմաչարչար քարոզողն էր ինքը այս գործընթացի ընթացքում»,- ասում է տիկին Եսայանը։ Դեռ չսթափված ապրիլերկուսյան հաղթանակից՝ Հանրապետական կուսակցությունն արդեն Երևանի ավագանու ընտրությանն է պատրաստվում։ Քաղաքապետի ամենահավանական թեկնածուն Տարոն Մարգարյանն է։