Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տարօրինակ է, որ Միքայել Մինասյանը խառնվում​ է ներքաղաքական զարգացումներին» (տեսանյութ)

Քաղաքականություն
styopa-1

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով ԱԺ ընտրություններին առաջադրված քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ընտրությունների արդյունքներին, նախ շնորհակալություն հայտնեց իրենց ընտրողներին, ապա` ավելացրեց. «Ելակետային առումով մենք անհավասար պայմաններում մտանք ընտրապայքարի մեջ։ Այն թիմը, որ ձեւավորվեց, հասարակական ընկալումները շատ դրական էին։ Մենք բավական ուշ մտանք ընտրապայքարի մեջ։ Մենք չափազանց համեստ գումարներ ենք ծախսել` բիլբորդների բացակայություն, վճարովի հեռուստաեթերի բացակայություն։ Ընտրողը սիրում է ներկայություն, ուժ, դրա համար ֆինանսները ոչ պակաս կարեւոր են: Ընտրություններից մի քանի օր առաջ մեր հարցումները ցույց տվեցին, որ մենք կարող ենք հաղթահարել հինգ տոկոսանոց շեմը, սակայն այդ օրերին հայտնվում են անհայտ ծագման, հիմնականում ռուսական ծագման հարցումներ, թե իբր մեր շանսերը քիչ են։ Իսկ քարոզարշավի վերջին իրերին Ծառուկյան եւ Ելք դաշինքները ուղիղ սկսեցին հայտարարել, թե մյուսներին մի ընտրեք, այլ միայն մեզ, քանի որ միայն մենք շանսեր ունենք։ Այս ընտրությունները եղել են փողի եւ ավելի շատ փողի միջեւ ընտրություններ, քվեի տոնավաճառ։ Ծախսերը շատ ավելի են եղել, քան օրինական են ներկայացվել»: Նրա ընդդիմախոս ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանը նշեց, որ շատ կարևոր մի հետեւություն պետք է անել` մեր ժողովուրդը հստակ հայտարարեց` ես եվրոպացի չեմ, այլ հայ եմ. «Ժողովուրդը անում է այն, ինչ իր հավաքական կամքն է արտահայտում` ճիշտ էր, թե սխալ, գաղափարական էր, թե ոչ, դրանք երկրորդական էին։ Մեղավորը ժողովուրդը չէ, այլ քաղաքական ուժերն էին, քանի որ նրանք չկարողացան ապացուցել, որ իրենք իսկապես ընդդիմադիր են։ Այն թեկնածուները, որոնք շատ ձայներ ստացան, նրանք կարող էին անգամ ընտրակաշառք չբաժանել ու կանցնեին, քանի որ ընթացքում նրանք օգնել են մարդկանց, գործ են արել` այս դպրոցը սարքեց, այս տուալետը, այս սանհանգույցը սարքեց»: Ըստ նրա` կարեւոր է այն, որ մարդիկ իրենց կամքով են եկել ու քվեարկություն արել, ոչ մեկ նրանց վրա չի բռնացել` ժողովուրդը իմաստուն է.«Օրինակ` Գյումրիում Ցոլակյան Ֆելիքս​ը կաշառք չի բաժանել ու ստացել է 12 հազար ձայն է, քանի որ բավականին բարձր հեղինակություն ունի»։  Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանի` Նիկոլ Փաշինյանին ու ՕՐՕ-ին ուղղված բաց նամակը Լեռնիկ Ալեքսանյանը չի ընթերցել, սակայն նշեց, որ դրանք բամբասանքներ են։ Իսկ Ստյոպա Սաֆարյանն ավելացրեց` երբ 2007թ իրենք մուտք գործեցին ԱԺ, եւս քննարկում էին, որ իրենք այս-այն ուժի կողմից են գործուղվել ԱԺ. «Այս խոսակցությունները, իհարկե, անհիմն էին։ Ինչ վերաբերում է Ելքին, ապա այս ուժը ԱԺ է մտել բացառապես իր ընտրողների ձայների շնորհիվ։ Երբ Ելքը լեգիտիմ ճանաչեց ընտրությունները, դրան ՕՐՕ-ն սուր արձագանքեց, քանի որ իրենք հետընտրական զարգացումների էին պատրաստվում։ Արդյունքում, ՕՐՕ-ն Ելքին ոչ միայն իր պարտության մեջ է մեղադրում, այլեւ​ հետընտրական զարգացումների մեջ։ Իսկ Միքայել Մինասյանի բաց նամակը զարմացնում է ինձ. տարօրինակ է, որ նա խառնվում​ է ներքաղաքական զարգացումներին։ Դա բնական չէ ու հասկանալի չէ»։