«Սամվել Բաբայանն ի վիճակի էր միավորել ընդդիմությանը» (տեսանյութ)
Սամվել Բաբայանին ձերբակալելը կապված էր ոչ թե «Իգլա» ԶՀՀ-ի ներմուծման հետ, այլ միայն և միայն նրա հետ, որ Ս. Բաբայանը ի վիճակի էր և քարոզարշավի ընթացքում, և հետընտրական գործընթացներում միավորելու ընդդիմությունը: Նման կարծիք հայտնեց «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով, կայացած ԱԺ ընտրություններում «ժողովուրդը ի օգուտ Սերժ Սարգսյանի ցուցմունք է տվել՝ ճնշվելով ռեյտինգային թեկնածուների միջոցով, ինչի արդյունքում ապացուցվել է, որ 5-ը հավասար է 52-ի»: «Այն, որ իշխանությունները խաբել են կամ կեղծել են ակնհայտ է, որովհետև եթե մի իշխանություն բոլոր ոլորտներում ձախողվել է, որը արտաքին աշխարհում որևէ հեղինակություն չունի, ապրիլյան պատերազմում 100 զոհ է տվել, տարածք է կորցրել, նա չէր կարող 52 տոկոս ձայն ստանալ»,- շեշտեց Արամ Հարությունյանը: Ըստ ԱՀ ղեկավարի, դա ստացվեց այն պատճառով, որ մեկ տարի առաջ ապրիլյան պատերազմից հետո, երբ անցկացվում էր նոր Ընտրական օրենսգիրքը, ընդդիմությունը ու հատկապես ՀԱԿ-ը ծափ էին տալիս՝ համարելով այդ նոր օրենքի ընդունումը մեծ հաղթանակ ու չէին նկատում կամ չէին ուզում նկատել, որ ընտրություններում ցանկալի արդյունք ստանալու հիմնական մեխը իշխանությունների համար ռեյտինգային տարբերակն էր։ «Երբ ռեյտինգային տարբերակը ընդունվեց, մնաց մեկ հնարավորություն, որ ներկայիս իշխանությունները չհաղթեին. դա ընդդիմության մեկ ցուցակով միասնաբար հանդես գալն էր։ Հիմնական դերակատարը, որ փորձում էր ընդդիմությանը միավորել, Սամվել Բաբայանն էր»,- ասաց Ա. Հարությունյանը։