Քարոզարշավում էական դերակատարը «ապառիկ» ընտրակաշառքն էր. Արշակ Սադոյան (տեսանյութ)
«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության ղեկավար Արշակ Սադոյանը հետընտրական լուրջ զարգացումների չի սպասում. նա դեռ նախընտրական շրջանում գիտեր, որ ԱԺ ընտրությունները կընթանային նախապես գծագրված ուղիով, և իշխանության կամ մոտեցումների փոփոխություն ընտրությունների հետևանքով տեղի չի ունենա։ «Դրական միտումներից էր ընտրությունների ընթացքի տեխնիկական հագեցվածությունը։ Մի հանգամանք էլ, որի վրա ուշադրություն չդարձվեց, դա այն էր, որ ընտրությունները օգտագործելով, պետությունը կարողացավ շատերի մատնահետքերը ճշտել»,-ասաց նա այսօր կայացած ասուլիսին։ Ա. Սադոյանի կարծիքով, ԱԺ ընտրությունների ընթացքը ցույց տվեց, որ շատ կուսակցություններ մտածում էին, որ «ժողովրդի հիշողությունը կարճ է», սակայն այն որ շատերը չկարողացան վերընտրվել, ապացուցում է, որ «ժողովրդին այնքան էլ հեշտ չէ խաբել»։ Ըստ նրա, նախընտրական քարոզարշավում էական դերակատարություն ուներ ոչ թե «կանխիկ» , այլ «ապառիկ» ընտրակաշառքը «Այսինքն, խոստումը, որը խաբելու, գցելու հնարավորություն է ստեղծում, բայց, քանի որ դա մեր երկրում ավանդույթ է՝ պրոբլեմ չկա»,-ասաց Ա. Սադոյանը։ Ըստ նրա, «Ելք» դաշինքի անցնելը ապացուցեց, որ մարդիկ, որոնք լավ գիտեն, ովքեր են ռեալ խաբում, ովքեր դեռ չեն խաբել կամ չեն պատրաստվում խաբել՝ ձայնը տվեցին «Ելքին» ։ «Ա1+»-ի հարցին , ովքեր են «ապառիկ» ընտրակաշառք բաժանել. Արշակ Սադոյանը պատասխանեց. «Դա հնարավոր չէ ապացուցել, իսկ անուններ տալը կարող է դիտվել որպես վարկաբեկություն»։ Իսկ ընդդիմությունը դիմե՞լ էր ապառիկ ընտրակաշառքի հնարավորությանը. «Այո, եթե ընդդիմություն համարենք «Ծառուկյան դաշինքը», քանի որ ունենալով հնարավորություն նա կկատարի իր խոստումները, որոշ չափով «ՀՅԴ» կուսակցությունը, բայց «Ելքը» և ռեալ ընդդիմությունը դեռ իրենից ուժ չի ներկայացնում, և «ապառիկ՛ ընտրակաշառքի նրա հնարավորությունները շատ քիչ են, ինչի մասին բնական է ժողովուրդը գիտի»։ «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ ղեկավար Կարինե Դանիելյանը իր հերթին փաստեց, որ ընտրությունների արդյունքում ունեցանք միաբևեռ ԱԺ։ «Հիմա մենք շատ թույլ բազմակարծություն կունենանք ԱԺ-ում. հանրապետականը, ինչպես որոշի՝ մեծամասնությամբ հարցերը կանցկացնի։ Իհարկե, դրական է, որ հանրապետականում նոր անուններ են, բայց մենք տեսնում ենք, որ նույն օլիգարխիկ համակարգը պահպանվեց ԱԺ-ում»,- ամփոփեց Կարինե Դանիելյանը։