Սիրիական ավիաբազայի հրթիռակոծման հետևանքով 9 խաղաղ բնակիչ է զոհվել
Այս գիշեր ԱՄՆ-ի կողմից սիրիական ավիաբազայի հրթիռակոծման հետևանքով 9 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ 4 երեխա: Ըստ ԶԼՄ-ների, զոհվածները ապրում էին ավիաբազային մոտ գտնվող գյուղերում: Եվս 7 մարդ վիրավոր է: Կան նաև նյութական վնասներ։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ հավանություն է տալիս ռազմաօդային բազայի հրթիռակոծմանը: Իսկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից սիրիական ավիաբազայի հրթիռակոծումը դե-ֆատկո բխում է Իսլամական Պետության և «Ջեբհատ ան Նուսրա» էքստրեմիստական խմբավորումների շահերից: Հիշեցնենք, որ ԱՄՆ ռազմական ուժերն այս գիշեր 59 հրթիռ են արձակել Սիրիայի ավիաբազայի վրա: Հրթիռակոծումն ըստ ԱՄՆ-ի՝ պատասխան է Սիրիայում կառավարական ուժերի կողմից կիրառված քիմիական զենքի: Պուտինն այս քայլն ագրեսիա էր որակել ԱՄՆ-ի կողմից։ Երեքշաբթի առավոտյան սիրիական ավիացիան քիմիական հարձակում է կազմակերպել Սիրիայի Իդլիբի շրջանի Հան-Շեյհուն քաղաքի վրա, որի արդյունքում զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ: Ռուսական կողմը կասեցրել է Սիրիայում թռիչքների անվտանգության ապահովման վերաբերյալ ԱՄՆ-ի հետ կնքած հուշագիրը: