Էդ. Շարմազանովն ասել է, թե ովքեր են ԵԼՔ-ի նախկին ՀՀԿ-ական անդամները (տեսանյութ)
ՀՅԴ-ն դեռ բանակցում է ՀՀԿ հետ նոր՝ 6-րդ գումարման ԱԺ-ում կոալիցիա կազմելու հարցում։ «Ենթադրում եմ, որ այն համագործակցությունը, որի մասին տեղյակ եք, պետք է շարունակվի, քանի որ դա անժամկետ էր, դա պայմանավորված չէր որեւէ ձեւաչափով, այլ խնդիրների լուծմամբ էր պայմանավորված: Իսկ այն հարցերը, որոնք համագործակցության մեջ նշված են, մի մասը դեռ լուծված չեն »,- ասում է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Իշխանությունների հետ ընթացիկ համագործակցությունից գոհ են, սակայն դա չի կաշկանդել ՀՅԴ-ին իր դժգոհությունները հայտնել ԱԺ ընտրություններից, անգամ թիվ 17 տարածքային ընտրական հանձնաժողովը նրանց պահանջով անվավեր ճանաչեց Արագածոտնի մարզի Փարպի գյուղի արդյունքները. «Սա նույնպես ներսից աշխատելու, համագործակցելու արդյունք է, որ համատեղ եկանք այն եզարակացությանը, որ այդ աստիճանի խայտառակ, ակնհայտ ճչացող, ուղղորդված ընտրությունները համարվեն նորմալ, գոնե մի տեղ դա պիտի արձանագրվի, որ սա անընդունելի է»,- նշում է ՀՅԴ խմբակցության ղեկավարը: Երեւանի ավագանու ընտրություններին ՀՅԴ-ն չի մասնակցում, քանի որ նրան չեն գոհացրել ԱԺ ընտրություններին մայրաքաղաքում իրենց ստացած քվեները. «Երեւանի արդյունքներից գոհ չեմ, սակայն ընդհանուր արդյունքներից գոհ եմ: Այն դաժան պայքարը, որ տեսաք՝ ինչ պայմաններում էր ընթանում, քաղաքական ռեսուրսով քաղաքական պայքարի մեջ մտած ուժի համար, կարծում եմ՝ շատ լավ արդյունք է այն, ինչ արձանագրել է ՀՅԴ-ն: ի վերջո, նախորդ ընտրություների հետ համեմատությամբ արձանագրել ենք աճ՝ շատ նկատելի»: Արմեն Ռուստամյանը այսօր ԱԺ-ում գտնվող 11 պատգամավորներից էր: Նիստը կրկին քվորումի բացակայության պատճառով տեղի չունեցավ: «Կարելի է անել եզրակացություն՝ գալիս են այն պատգամավորները, որոնք ապրում են իրենց հալալ աշխատավարձով»,- արձագանքեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Մանդատով չի որոշվում կուսակցականի օգտակարությունը, ասում է ԱԺ փոխնախագահը՝ խոսելով պատգամավոր իրենց խմբակցության ակտիվ անդամների մասին. «Ընդամենը մի քանի օր անց կիմանաք պատգամավորների մասին, որոնք կզբաղեցնեն պատասխանատու պաշտոններ գործադիրում»,- նկատել տվեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա ափսոսում է թե իրենց, թե ընդդիմադիր խմբակցություններից բոլոր այն պատգամավորների համար, որոնք չեն լինի հաջորդ ԱԺ-ում. «Ոնց որ դպրոցն ավարտում ես, լինում է, չէ, կողքի դասարանում կռիվ ես անում, իրար չեք սիրել, բայց երբ ավարտվում ես, մի ձեւ մեջդ վակուում է առաջացնում»: Էդուարդ Շարմազանովը նաեւ բացեց չակերտները, թե ում նկատի ուներ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, երբ ասում էր, թե Ելք դաշինքում 2 նախկին ՀՀԿ-ականներ կան. «Բայց ինչ ամոթ բան է՝ Սասուն Միքայելյանը եւ մեր սիրելի Արտակ Զեյնալյանը»: Արդյոք ԱԺ փոխնախագահ կմնա Էդուարդ Շարմազանովը, կուսակցությունը դեռ որոշում չի կայացրել: