Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ վերջին քառօրյան ավարտվեց. ինչ է անելու նկարիչ Ախոյանը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
axoyan

5-րդ գումարման ԱԺ վերջին քառօրյան եզրափակվեց նիստին ներկա 14 պատգամավորով: Քվորում չապահովվեց, նիստը չկայացավ, փոխարենը ընդդիմադիր, թե իշխանական պատգամավորներն իրենց հնգամյա աշխատանքն ամփոփեցին խմբակային լուսանկարով: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը չմասնակցեց այս նախաձեռնությանը: «Մեր՝ բոլորիս միասնական ջանքերով փորձել ենք ամրապնդել մեր պետականությունը եւ զարգացնել մեր երկիրը: Այս դահլիճում մենք բավականին բանավեճեր ենք ունեցել, սկզբունքների, կարծիքների բախումներ ենք ունեցել, օրենքներ ենք ընդունել»,- նիստը փակելով՝ եզրափակիչ խոսքով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Վերջին նիստին եկել էր նաեւ պատգամավոր Արագած Ախոյանը, որը դուրս էր եկել ԲՀԿ խմբակցությունից եւ այս ընտրություններին մասնակցեց ՀՀԿ կազմում, սակայն հաջողություն չունեցավ: Նրա համար կարեւոր էր թիմային հաղթանակը, իսկ թե ով որքան ձայն հավաքեց, դա 2-ական էր: «Խնդիրն ի սկզբանե այդպես դրված չէր. ձայներն ուղղակի տեղաբաշխվեցին թեկնածուներին՝ մեկին մի քիչ ավելի շատ, մեկի վրա ավելի քիչ, բայց ընդհանուրը տարան այնքան, որքան պիտի... այսինքն, խելամտության սահմաններում էր»,- ասում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը: Արդյոք նախկին ԲՀԿ-ական պատգամավոր լինելու հանգամանքն ազդեցություն ունեցա՞վ իր պարտության համար. «Ընդհանուր առմամբ ոչ, քանի որ ամեն մարդ ունի իր դեմքը, իր քաղաքական կշիռը այս ներկապնակում եւ ըստ դրա, չեմ կարծում, որ դա այդքան ազդեցություն ունի, սակայն բնականաբար ուներ իր ազդեցությունը»:  Նա չի ափսոսում, որ ԲՀԿ-ից դուրս է եկել, անկուսակցական է ու դեռ չի մտածել ՀՀԿ-ին անդամագրվելու մասին. «Ընտանիքս ունի շինարարական բիզնես, փառք Աստծո՝ մենք շինարար ենք, ունեցել ենք եկամուտի աղբյուր եւ ունենալու ենք: Սա տնտեսական մասով, իսկ մնացածը դուք գիտեք, որ ես արվեստագետ եմ, նկարիչ, կշարունակեմ նկարել, այնպես զբաղմունք շատ կա»: Ընտրություններից հետո Արագած Ախոյանը կոռեկտ չի համարում խոսել ընտրակաշառքի մասին, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է իր թիմակիցներին. «Ինչ է նշանակում խոսել մի բանի մասին ու չկարողանալ ապացուցել: Թող բերեն, ապացուցեն, տեսնենք՝ որտեղ էին այդ ընտրակաշառքներն ու ինչ չափով: Բնականաբար, ընտրապայքարի մեջ չեն բացառվում ինչ-որ մեթոդները, դրանցից մեկը չի բացառվում նաեւ այն երեւույթը, որի մասին խոսում ենք, սակայն եկեք չխոսենք. նույնիսկ անհարմար եմ զգում արդեն խոսել մի բանի մասին, որի մասին կոնկրետ ապացույց չկա»: Առայժմ իշխանությունից նա համագործակցության որեւէ առաջարկ չի ստացել, քննարկումներ չեն եղել, քանի որ, ըստ նրա, դրա համար դեռ շատ վաղ է: