Հայհոյանքի հարցը դատախազությունը չի քննարկի
Գլխավոր դատախազությունը ծառայողական քննություն չի կատարի դատախազ Պետրոս Պետրոսյանի նկատմամբ: «Սասնա ծռեր» խմբի անդամ Միայնակ Գայլ Արայիկ Խանդոյանի նկատմամբ սեռական բնույթի հայհոյանք հնչեցնելու համար պաշտպան Արա Ղարագյոզյանը դիմել էր Գլխավոր դատախազին: Դեպքը տեղի էր ունեցել Վերաքննիչ դատարանում: Տեսակցությունների վրա դրված արգելանքը վերացնելու դռնփակ դատական նիստի ժամանակ Արայիկ Խանդոյանը հայտարարել էր, որ դատախազը եւ քննչական խմբի ղեկավարն են մեղավոր Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան մեջ եւ նրանք են սպանել Արթուր Սարգսյանին: «Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված Ձեր 06.04.2017 թ դիմումի՝ հայտնում եմ, որ դրանում նշված նույն հիմքով 04.04.2017 թ Ձեր կողմից միջնորդություն է ներկայացվել Վերաքննիչ դատարան, որի որոշմամբ միջնորդությունը մերժվել է, նկատի ունենալով, որ դատարանը դատախազի կողմից վարքագծի խախտում չի արձանագրել, հետեւաբար Գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված եւ կիբեռհանցագործությունների գործերով վարչության դատախազ Պետրոս Պետրոսյանի նկատմամբ ծառայողական քննություն կատարելու հիմքեր չկան»,- նշված է դատախազության պատասխանի մեջ: Պաշտպան Արա Ղարագյոզյանը սա գնահատում է դատախազության համակարգում որպես խայտառակություն: «Դրանից բացի դատախազը անհարգալից վերաբերմունք է դրսեւորել դատարանի եւ դատավարության մասնակիցների նկատմամբ, որը քրեորեն արգելված արարք է: Դատախազությունը կոծկում է դատախազի արարքը: Սա հետընթաց է իրավական պետության համար: Սրանով ապացուցում են, որ չունենք դատախազություն»,- «Ա1+»-ին ասաց Միայնակ Գայլի պաշտպանը: