Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատմության գիրկն ուղարկվեց հին Թուրքիան

Քաղաքականություն
17951678_1516354761731406_262880379863460156_n

Մոտ երեք տոկոս ձայների, ավելի կոնկրետ՝ 1,3  մլն  ընտրողի  տարբերությամբ՝ Թուրքիայում հաղթում են նոր սահմանադրության կողմնակիցները, իսկ փոփոխությունները մեծացնում են նախագահի լիազորությունները։ «Թուրքիան պատմական քայլ արեց կառավարման համակարգում»,– հայտարարել է նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, որն, ըստ վերլուծաբանների, այս փոփոխությունների շնորհիվ հաջորդ ընտրություններում արդեն կստանա սուլթանի կարգավիճակ։Փոփոխությունները ուժի մեջ կմտնեն երկու տարուց՝ ընտրություններից հետո, եթե, իհարկե, վաղաժամկետ ընտրություններ չլինեն։ Նոր փոփոխություններով նախագահը լիազորություն է ստանում ուղղակիորեն նշանակել պետական կարևոր պաշտոնյաների, այդ թվում՝ նախարարներին: Նախագահը կարողանալու է միջամտել դատական համակարգին, նա է որոշելու երբ հայտարարել արտակարգ դրություն։Փոփոխվում է Սահմանադրության տասնութ հոդված։ Նախնական տվյալներով՝ «այո»-ի օգտին է քվեարկել ընտրողների 51.32 , իսկ «ոչ»-ի օգտին՝ 48.68 տոկոսը: «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջարկած փոփոխություններին ոչ են ասել Թուրքիայի երեք խոշոր քաղաքներում՝ Անկարայում ,Ստամբուլում,Իզմիրում: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շտապել է շնորհավորել Էրդողանին հաղթանակի առիթով։ Սահմանադրական բարեփոխումներին դեմ «Ոչ»—ի ճակատի հիմնական առաջնորդը՝Հանրապետական ժողովրդական կուսակցության նախագահ Քեմալ Քիլիքդարօղլուն քիչ առաջ հայտարարել է, որ հանրաքվեն կայացել է անարդար պայմաններում։ Արձագանք Հայաստանից «Մոտ 2.6 տոկոս առավելությամբ «այո»-ն հաղթեց: Իշխանությունն այս անգամ հազիվհազ «հաջողեց» իր համար կենսական հանրաքվեի դրական ելքը: Էրդողանը գրանցեց հերթական, սակայն այս անգամ շրջադարձային իր հաղթարշավը՝ ինչպես սեփական իշխանության, այնպես էլ երկրի նոր տեսլականի՝ «Նոր Թուրքիայի հանրապետության» կառուցման ճանապարհին՝ իր «նոր» առաջնորդի կերպարով, նոր լիազորություններով ու արժեքաբանությամբ, էլ ավելի մասնատված ու բևեռացված հասարակությամբ ու ամրագրվող բռնապետությամբ: Այսօր վերջնական հարվածով պատմության գիրկն ուղարկվեց Հին Թուրքիան, Երրորդ Հանրապետությունը՝ սկիզբ դնելով հուլիսյան տապալված հեղաշրջմամբ ազդարարված և այս հանրաքվեով փաստացի ամրագրվող Թուրքիայի Չորրորդ հանրապետությանը…»,–ֆեյսբուքյան իր էջում գրել է թուրքագետ Լեւոն Հովսեփյանը։