Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պիլոտային ծրագիր՝ անօդաչու թռչող սարքերով

Պաշտոնական
ain-1

Ապրիլի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց  Եվրահանձնաժողովի բնակչության պաշտպանության և մարդասիրական օգնության հարցերով գլխավոր վարչության (DG ECHO) Արևելյան հարևանության, Կենտրոնական Ասիայի, Իրաքի և Իրանի արագ արձագանքման համակարգող՝  Սրդան Ստոյանովիցին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ԱԻՆ-ի, ՄԱԶԾ-ի և DG ECHO-ի համագործակցությունը աղետների ռիսկի կառավարման և նվազեցման ոլորտում, ինչպես նաև՝ հետագա համատեղ ծրագրերի իրականացման ընդլայնումը տարածաշրջանային մակարդակով: Իր խոսքում նախարար Տոնոյանը կարևորեց Հայաստանի և Եվրամիության համագործակցությունը քաղաքացիական պաշտպանության բնագավառում, ինչը կարող է նաև խթանել աղետների ռիսկի նվազեցման գործընթացը և դրա շուրջ համագործակցությունը  տարածաշրջանային մակարդակում: Կողմերը քննարկեցին արտակարգ իրավիճակների ոլորտում փորձագետների փոխանակման և վերապատրաստման հնարավորությունները: Անդրադարձ եղավ նաև Հայաստանի համայնքներում աղետների ռիսկի նվազեցման  և դիմակայունության բարձրացման հնարավորություններին: Համագործակցության այս բաղադրիչի հաջողված մեկնարկը Սյունիքի Կապան և Քաջարան քաղաքային համայնքներում դիմակայունության բարձրացմանն ուղղված պիլոտային ծրագրի մեկնարկն էր. այն է՝ սելավավտանգ հատվածների ուսումնասիրություն անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:  Նշենք, որ Ս.Ստոյանովիցը կայցելի նաև Սյունիքի մարզի ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն՝ ծրագրի շրջանակներում ստեղծված քաղաքային և մարզային ազդարարման համակարգի աշխատանքին ծանոթանալու նպատակով: