ԵԼՔԸ դեռ պետք է հղկվի. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)
«Երկիր Ծիրանի» կուսակցությունն առաջին քայլերն անում է Արարատ լեռան հայացքի ներքո։ Զարուհի Փոստանջյանն ու գաղափարակիցները մամուլի ասուլիսի վայր են ընտրել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքը. «Արարիչը, երբ ստեղծում էր երկիրը, և մատնանշում էր՝ որտեղ է դրախտը, ես կարծում եմ՝ հենց այստեղից էլ սկսվել է»,- իրենց ընտրությունն այսպես է հիմնավորում Զարուհի Փոստանջյանը։ «Երկիր Ծիրանի»-ն եկել է հայ ժողովրդի ներուժը ամուր Հայաստան կառուցելու նպատակին ծառայեցնելու համար։ Երեւանի ծննդյան վկայականի` ուրարտական արձանագրության ներքո հայտարարում է Զարուհի Փոստանջյանը. «Պատրաստվում ենք մեր երկրում սկսել ոչ միայն բարեփոխումներ, այլ հիմնահատակ փոփոխություններ»։ Նորաստեղծ կուսակցությունն առաջին իսկ պահից մարտի է մտնում Երևանի կառավարումը վերցնելու համար։ Մայիսի 14-ին ավագանու ընտրություններում հայտ ներկայացրած ուժերից մեկը հենց «Երկիր Ծիրանի»-ն է։ «Մեր հիմնական թիրախը իհարկե Հանրապետական կուսակցությունն է, և մենք գալիս ենք իրենց հեռացնելու քաղաքական ասպարեզից։ Իրենց երկարաժամկետ պաշտոնավարումն ուղղակի կործանարար է եղել Հայաստանի Հանրապետության համար»։ 250 միլիոն դրամ, 45 հազար դոլար, 50 հազար եվրո, բնակարաններ, առանձնատուն, բնակելի շենքի մի ամբողջ հարկ և առևտրի կենտրոնի տարածք։ Հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի ունեցվածքն է ըստ իր հայտարարագրի։ Ընդդիմադիր կին գործիչը վստահ է՝ Երևանի քաղաքապետարանի միջոցներից քաղաքապետն իրեն էլ է մաս հանել։ «Նույնիսկ 90%-ն է այդ ահռելի գումարների քաղաքապետարանի միջոցները կազմում»։ Զարուհի Փոստանջյանի մրցակիցներից է նաև Նիկոլ Փաշինյանի գլխավորած ԵԼՔ դաշինքը, որի հետ միավորում այդպես էլ տեղի չունեցավ։ Զարուհի Փոստանջյանն այսպես է մեկնաբանում. «Ելքը դա սպոնտան ձևավորված մի միավորում է, որը դեռ պետք է հղկվի։ Այնտեղ ներգրավված են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ՝ տարբեր մոտեցումներով, և իրենք իրար հետ արդեն իսկ տարբեր են, միասնական չեն։ Պայքար տանել մարդկանց հետ, ովքեր նույն գաղափարը չեն կրում, դա արդյունավետ չէ»։ Առանց էմոցիայի քաղաքական գործիչը չի կարող որևէ խոչընդոտ հաղթահարել։ Զարուհի Փոստանջյանի արձագանքն է քննադատությանը, թե ինքն էմոցիոնալ է ու չի կարող լավ կառավարիչ լինել։ «Հատկապես հայկական քաղաքական տիրույթում, երբ ամեն ինչ կեղտոտված է և հարիր չէ մարդկային հարաբերություններին, ապա էմոցիաները շատ կարևոր են»։ «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները ոչ այնքան հայտնի դեմքեր են։ Նրանց մի մասը Ժառանգության նախկին անդամներն են։ Կան նաև սփյուռքահայեր։ Հայաստանում Ամերիկյան ձեռնարկության ներկայացուցիչ Հայկ Պետրոսյանը «Երկիր Ծիրանի»-ի 4-րդ համարն է։ Նա մեզ հետ զրույցում ասաց, թե ինչու է մտել քաղաքականություն. «Ամեն ինչն սկսվում է քաղաքականությունից, ես չեմ հավատում, որ դու տնտեսապես կարող ես լուծել խնդիրներ, եթե դու ունես արատավոր քաղաքական մշակույթ։ Քաղաքական փոփոխություններ են անհրաժեշտ, որպեսզի տնտեսական փոփոխություններ տեղի ունենան, ուստի ես որոշել եմ մտնել քաղաքականություն»։ 15-րդ համարը հանրությանը հայտնի Գոհար Սարգսյանն է. Խաղաղ պայմաններում մահացած զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը Զարուհի Փոստանջյանի կուսակիցն է։ Այստեղ է եկել հանուն արդարության և Երևանը կոռուպցիայից մաքրելու համար։ «Ցավ եմ ապրում, որ մեր քաղաքը լավ չի կառավարվում։ Ամեն ինչ սկսվում է կոռուպցիայի, ինչու չի բացահայտվում, ինչու արդարություն չի լինում։ Ես պիտի հասնեմ արդարության, միևնույնն է՝ մեղավորը պիտի պատժվի»,- ասում է Գոհար Սարգսյանը։ «Երկիր Ծիրանի»-ն ողջ հայկական բարձրավանդակի և հարակից տարածքների անունն է։ Հեռանակարում Մեծ Հայաստան ունենալու երազանքն է Զարուհի Փոստանջյանին ու գաղափարակիցներին ստիպել իրենց քաղաքական ուժին տալ «Երկիր Ծիրանի» անունը։