Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարդիկ վախենում էին անգամ չվերցնել ընտրակաշառքը» (տեսանյութ)

Քաղաքականություն
larisa

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Թուրքիայում անցկացված հանրաքվեին, նշեց, որ Թուրքիայի համար կարճաժամկետ ծրագիրը հարյուր տարին է, իսկ նրա ռազմավարությունը չի փոխվել դարեր շարունակ. «Արդյունքում Թուրքիան իր մարտավարության մեջ հրաշքներ իրագործեց, ավելին` խորամանկություն արեց` հետ թողնելով բարոյականությունը»:  Ինչ վերաբերում է ՀՀ ներքին եւ արտաքին քաղաքականության շուրջ Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին, նա նշեց, որ ՀՀ-ն երբեւէ չպետք է մտածի, որ Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնման իր պատրաստակամությունը բավարար է, որպեսզի լինեն այդ հարաբերությունները. դա խորքային աշխատանք է պահանջում, երբ կա երկկողմ վստահություն. «Ես դեմ եմ եղել հայ-թուրքական այն երկարաշունչ արձանագրություններին։ Հարաբերությունները վերականգնելու համար կես էջանոց փաստաթուղթը բավարար էր։ Ես դեմ եմ եղել արձանագրություններին, քանի որ երեք խոշորագույն, անընդունելի նախապայման կար։ Դրանք քննարկելն անգամ իշխող քաղաքական ուժի ոչ հասուն լինելու մասին է խոսում»։ Ինչ վերաբերում է ՀՀ-ում անցկացված ԱԺ ընտրություններին եւ մարդկանց նկատմամբ իրականացված ճնշումներին ու նվաստացումներին, մասնավորապես ՀՀԿ պատգամավոր Արտակ Սարգսյանի շտաբի կողմից, տիկին Ալավերդյանը նշեց. «Դա անկախ դատական իշխանության բացակայության հետեւանք է, իսկ, ընդհանրապես, պետք է իմանալ` յուրաքանչյուր պայքար ոչ թե ծաղիկներով են դիմավորելու, այլ այն փշոտ ճանապարհ է։ Տեղի ունեցած այդ ճնշումները կոռուպցիոն դրսևորումներ են. մարդիկ վախենում էին անգամ չվերցնել ընտրակաշառքը։ Դրա դրդապատճառները հոգեբանական կտտանքներն են։ Խայտառակություն է, երբ իշխանությունները չդատապարտեցին այդ երեւույթները, իսկ դա, կարծում եմ, շատ ավելի վտանգավոր է»: