Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանձնաժողովը եզրակացություն կտա ԵԽԽՎ կոռուպցիոն սկանդալների մասին

Քաղաքականություն
sfarmanyan

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն անդրադարձել է Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ-ի առաջին նիստին։ «ԵԽԽՎ հերթական նստաշրջանը Ստրասբուրգում ընթանում է աննախադեպ քաղաքական ճգնաժամի պայմաններում։ Վեհաժողովում ներկայացված բոլոր քաղաքական խմբերը համակարծիք են, որ մեր վաղեմի «բարեկամ», ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդը կորցրել է իր վստահությունը վեհաժողովականների շրջանում։ Որպես ստեղծված աննախադեպ իրավիճակի քաղաքական հանգուցալուծում՝ Պեդրո Ագրամունդը պետք է հրաժարական տա։ Այդ մասին էր նաև վարման կարգով իմ սրտահայտած տեսակետը։ Հուսով եմ՝ այն տեղի կունենա հենց այս նստաշրջանի ընթացքում, մինչև շաբաթավերջ»,- գրում է Ս. Ֆարմանյանը։

Զուգահեռ, ըստ նրա, հասունանում է անչափ կարևոր մեկ այլ որոշում. «Կստեղծվի 3 անդամից բաղկացած միջազգային հեղինակավոր անկախ արտաքին հետաքննող հանձնաժողով՝ վեհաժողովին եզրակացություն ներկայացնելու ԵԽԽՎ-ում տեղ գտած կոռուպցիոն սկանդալների վերաբերյալ»։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԵԽԽՎ-ն պահանջում է Ագրամունտի հրաժարականը։