Ցեղասպանածին դրսեւորումներ առկա են նաեւ Հայաստանում. փորձագետ
Յուրաքանչյուր ցեղասպանություն ռասիզմի և խտրականության ծայրահեղ եւ մասշտաբային դրսևորում է։ Այս մասին ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրը, «Հոդված 3» ակումբում տեղի ունեցած «Խտրականության գործոնը ցեղասպանությունների համատեքստում» խորագրով քննարկմանը հայտարարեցին իրավապաշտպանները: Նրանք, ներկայացնելով խտրականության դրսեւորման անհատական պատմություններ եւ միջազգային պրակտիկան, նշեցին, որ ցեղասպանությունների իրականացման հիմքում սովորաբար ընկած են տարանջատումը և ատելության սերմանման մեխանիզմները «ուրիշների» հանդեպ։ Ուստի և խտրականության տարաբնույթ գործոնների վերհանումը ցեղապանությունների իրականացման համատեքստում առավել կարևոր է մարդու իրավունքների դեմ ուղղված այս ծանրագույն հանցագործության կանխարգելման համար։ Քննարկման բանախոսներից Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս, իրավաբան Վահան Բուրնազյանը պատմեց իր տատի պատմությունը, ով ցեղասպանությունը վերապրելով հայտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ու ամեն կերպ փորձում է պահպանել իր ինքնությունը: Այդ ինքնությունը պահպանելու մտայնությունը ունեցել է նաև ինքը՝ բանախոսը։ «Իմ տատիկին ցեղապսանության ժամանակ փրկել է այլ թուրք ընտանիք: Նա այնուհետեւ տեղափոխվել է Հալեպ ու հետո հայտնվել ԱՄՆ-ում: Սա մեծ ազդեցություն է թողել իմ տատիկի վրա: Այդ դեպքերից հետո նա միշտ փորձում էր ԱՄՆ-ում օգտակար լինել ամենատարբեր մարդկանց, անգամ օտարներին: Այս պատմությունը կարևոր է, որովհետև այն ցույց է տալիս, որ կան տարբեր ազգեր, բայց առաջին հերթին դիմացինին պետք է ճանաչել որպես մարդ», - նշում է Բուռնազյանը՝ խտրականության դեմ պայքարի համատեքստում հավելելով, որ մարդու ինքությունը պետք չէ սահմանափակել միայն ազգային պատկանելությամբ: «Ինքս հայ եմ, սակայն նաև գայ (նույնասեռական) եմ և հպարտ եմ դրա համար», - հատուկ ընդգծեց նա: Իրավաբան, Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի անդամ Լուսինե Ղազարյանի խոսքով, միջազգային իրավունքի տեսանկյունից իր էությամբ ցեղասպանությունը հենց խտրական գործողություն է, քանի որ պարունակում է սուբյեկտիվ տարր: «Հայոց ցեղասպանությունը նույնպես սուբյեկտիվ տարր է պարունակում, քանի որ ուղղված է եղել հայ ազգի և դավանանքի դեմ», - պարզաբանեց նա: Իրավապաշտպան, Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի անդամ Անահիտ Սիմոնայնն իր խոսքում նշեց, որ ցեղասպանությունը մեկօրյա գործընթաց չէ, այն ընթացք է, ավելին՝ այն փուլային գործընթաց է: «Այդ փուլերում խտրականության կանխարգելումը և հակազդեցության գործոնների ստեղծումը կարող է ծառայել վերջնական ոճիրի կանխարգելմանը։ Արաջին փուլը մարդկանց դասակարգումն է, հաջորդը ստեղծված խմբի հանդեպ խտրականությունն է՝ օրենսդրական և քաղաքական մակարդակներում։ Հաջորդ փուլը ապամարդկայնացումն է և ի վերջո այս փուլերին հետևում է հետապնդումը ու մարդկանց բնաջնջումը։ Թե ինչ չափերի կարող է հասնել խտրականությունը կախված է պետության զարգացվածության մակարդակից», - ընդգծեց նա՝ հավելելով, որ թեպետ հայերի դեմ ցեղասպանություն է իրագործվել, սակայն Հայաստանում տարբեր խմբերի նկատմամբ խտրականության դրսևորումների պակաս չի զգացվում։ Հրապարակախոս, լրագրող Զարուհի Հովհաննիսյանը ևս իր խոսքում հատուկ ընդգծեց հայաստանյան իրականությունում խտրականության դրսևորումները: Նա հիշեցրերց, որ ամիսներ առաջ համացանցում աղմուկ էր բարձրացել «հայտնի լուսանկարի» շուրջ (խոսքն ազգային տարազներով հայ կնոջ եւ իր սեւամորթ ամուսնու նկարի մասին է - խմբ.): Ըստ Հովհաննիսյանի բոնորշման՝ հենց այդ քննարկումների ժամանակ շատ ակնառու էին անհանդուրժողականության եւ խտրականության դրսեւորումները Հայաստանում: «Այդ տրամադրություններն անգամ մտան մեդիա դաշտ», - հավելեց նա: «Հանրությունը պատրաստվում է բռնությանը հատկապես մշակութային և մեդիա պրոպագանդայի միջոցով», - ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ Թուրքիայի հանրությունը մինչ այսօր՝ 102 տարի անց, չի կարողանում ընդունել, որ իր երկրում տեղի է ունեցել նման ոճրագործություն, որովհետև նրանք կրթության և մեդիայի միջոցով քողարկում են այն։ Քլարկ համալսարանի Հոլոքոստի և Ցեղասպանությունների ուսումնասիրությունների Սթրեսլեր կենտրոնի դոկտորանտ Աննա Ալեքսանյանի խոսքով, հայկական իրականությունում խտրականության դրսեւորումները քիչ չեն, իսկ դրանք հենց ցեղասպանածին երեւույթներ են: «Ցեղասպանությունը մենք պատկերացնում ենք մեզնից շատ հեռու գտնվող մի երևույթ և չենք հասկանում, որ այն ամենը ինչ կարող է ցեղասպանածին լինել այսօր կա նաև մեր հասարակությունում՝ ոչ հանդուրժողականությունը սեռական կամ ազգային փոքրամասնությունների նկատմամբ։ Շատ կարևոր է կրթել մեր հասարակությանը, որպեսզի կանխարգելևեն խտրական գործընթացները։ Հայաստանը, որպես Ցեղասպանություն վերապրած սերունդների պետություն, այսօր պետք է լիներ ամենահանդուրժող երկիրը», - ասաց նա: Բանախոսները վստահ են, որ հասարակությունում խտրականության դրսեւորումների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը կրությունն է: Նրանց կարծիքով հենց այս հարցում մեծ դերակատարում ունի պետությունը, որի առաջնային գործառույթներից պետք է լինի կրթության միջոցով զարգացնել մարդու քննադատական միտքը՝ կրթելով նրան որպես իր իրավունքներն իմացող եւ օրենքները հարգող քաղաքացի: «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ «Հոդված 3» ակումբի համակարգող թիմ