«Երեւանում շատ փող կա, բայց չի երեւում» (տեսանյութ)
Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը չի կասկածում, որ «Ելք» դաշինքը կհայտնվի Երեւանի ավագանիում, սակայն անհրաժեշտ է, որ իրենք մեծամասնություն կազմեն: «Ժողովուրդը ընտրությամբ իշխանությունը փոխելու միջոցով պետք է տեսնի՝ դրանք տարբե՞ր են, թե բոլորը մեկ են: Եթե «Ելքը»-ը մեծամասնություն ունենա, ապա հաստատ երեւանցիները պիտի զգան տարբերություն, դա կլինի նախեւառաջ բյուջեի նախատեսումը, որը կլինի ավելի նպատակային, թափանցիկ, հիմնավորված: Իմ համոզմամբ՝ Երեւանում շատ փող կա, բայց էդ փողը մի տեսակ չի երեւում»: «Ելքի» ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանի խոսքերով, մեծամասնություն կազմելու դեպքում իրենք նախեւառաջ փորձելու են լուծել Երեւանի տրանսպորտային խնդիրները: «Երեւանի կենտրոնում տեղաշարժվում են միջին խավի մարդիկ։ Նրանք տեղաշարժվում են պպզած, կուզիկ վիճակում, այս խնդիրը պետք է վերացվի»: Նա անդրադարձավ նաեւ Երեւանի Աջափնյակ համայնքում մետրոպոլիտենի կայարան կառուցելու խնդրին՝ ընդգծելով, որ ֆինանսական միջոցների ճիշտ կառավարման դեպքում ոչ թե 1, այլ 2 կայարան կարելի է կառուցել: «Եթե փող չկա, ինչպես իրենք են ասում, ապա ինչու են Հայաստանում պետական պաշտոնյաներն ամենահարուստը, ոչ թե գործարարները, եւ ինչու է հենց պետական պաշտոնյան գործարար»: Նրա դիտարկմամբ, եթե Տարոն Մարգարյանը ցանկություն ունենար, ապա Փակ շուկան չէր քանդվի: «Թե չկարողացավ, թե չուզեց, թե մասնակից էր այդ ամենին, սակայն այն քանդվեց»: Ալեն Սիմոնյանն ասաց, որ իրենք մտադիր են նաեւ վերացնել քաղաքում տեղադրված արագաչափերը: «Տեսախցիկները կարող են ծառայել ոստիկանությանը՝ հանցավորության դեմ պայքարում, սակայն արագաչափերը զբաղված են Երեւանում տեղաշարժվող մարդկանց եւ Երեւանցիներին թալանելով»: Ա. Սիմոնյանը անդրադարձավ նաեւ Երեւանում թափառող շներին կրակելով սպանելու երեւույթին. «Քաղաքում շուն կրակելը վանդալիզմ է: Կան կազմակերպություններ, որոնք առաջարկեցին դրսի ֆինանսավորմամբ 90 տոկոսին ստերիլիզացնել, սակայն այնպիսի գներ դրեցին, որ նրանք չկարողանան աշխատել, որպեսզի «Յունիգրաֆը» շահի, իսկ այդ կազմակերպության սեփանակատերը Երեւանի կենտրոն համայնքի ղեկավարի եղբայր Ռուբեն Սադոյանն Է»: «Ելքի» ներկայացուցիչները կարեւորեցին քաղաքապետի թեկնածուների միջեւ բանավեճի կայացումը։ «Թող երեք թեկնածուները հավաքվեն, որպես բազմազավակ ծնողներ զրուցեն, թե ինչպես են այդքան երեխաների հետ գլուխ հանելու: Հետո խոսեն մյուս հարցերի շուրջ»,- առաջարկեց Ա. Բախշյանը: