Դատարանը բավարարեց Կարո Եղնուկյանի բողոքը (տեսանյութ)
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց «Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի բողոքը: «ՀՀ գլխավոր դատախազությանը պարտավորեցնել՝ կայացնելու մեղադրյալ Կարո Հակոբի Եղնուկյանի իրավունքների եւ ազատությունների սույն որոշմամբ արձանագրված խախտումը»,- այսօր որոշման հրապարակմանը հայտարարեց դատավոր Սեւակ Համբարձումյանը: Դատարանը գտավ, որ առաջին ատյանի կայացրած դատական ակտը պետք է բեկանվի, որով մերժվել էր պաշտպանական կողմի բողոքը: Կարո Եղնուկյանը դիմել էր Գլխավոր դատախազին, որպեսզի խափանման միջոցը վերացվի կամ փոխարինվի այլ խափանման միջոցով: Գլխավոր դատախազը չէր քննել այդ միջնորդությունը, այն մակագրել էր հսկող դատախազին: Հսկող դատախազն էլ գտել էր, որ բողոքը քննելու կարիք չկա, քանի որ նմանատիպ բողոք ներկայացրել էին 8 ամիս առաջ: Այսօր դատարանը հրապարակեց որոշման միայն եզրափակիչ մասը, ստանալուց հետո փաստաբանը կհասկանա՝ արդյո՞ք դատարանը անդրադարձել է նաեւ իրենց միջնորդության հիմնավորումներին: «Ըստ էության մենք բողոքարկում ենք, որ դատախազը չի քննել մեր միջնորդությունը, բայց դատարանը իրավունք ուներ նաեւ հիմքերին անդրադառնալ եւ գտնել, որ մեր միջնորդությունը հիմնավոր է: Եթե այդպես է, բնականաբար Կարո Եղնուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց պետք է վերացվի»,-«Ա1+»-ին ասաց պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Այսօրվա դատական նիստին Կարո Եղնուկյանը հրաժարվել էր մասնակցել` համոզված, որ բողոքը մերժվելու էր: Դատարանի այսօրվա որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարանում: