Կառավարությունը պարզ կխոսի առևտրականների հետ
Գործադիր մարմնի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանից հետաքրքրվեց, թե տոնավաճառների առևտրականների բողոքի հարցով ի՞նչ տեղեկություն կարող է տրամադրել։ Հիշեցնենք, առևտրականները բողոքում էին հարկային քաշքշուկներից ու ըստ իրենց՝ ավելորդ ստուգումներից։ Վարդան Հարությունյանը վստահեցրեց, որ ՊԵԿ կողմից տոնավաճառներում իրականացվող հսկողական աշխատանքերը կրել են զուտ նախազգուշացման բնույթ, և որևէ տնտեսվարող մինչև այսօր չի տուգանվել. «Տոնավաճառ կազմակերպողները սկսած նոյեմբեր ամսից պարբերաբար զգուշացվել են, որ պետք է հստակեցնեն փաստաթղթաշրջանառությունը եւ ՀԴՄ-ների կտրոնների տրամադրումը: Արդյունքում՝ դրական միտում կա, միջին ու փոքր բիզնեսը հասկացել է, որ այդ ամենն ուղղված չէ իրենց դեմ, այլ ուղղված է խոշոր բիզնեսի կողմից շրջանառությունն ավելի հստակեցնելուն»,- բացատրեց Վարդան Հարությունյանն ու հավելեց, որ կազմվել է համատեղ աշխատանքային խումբ. «ՊԵԿ-ը սպասում է, որ մի քանի օրվա ընթացքում առևտրականների կողմից պետք է ներկայացվեն առաջարկություններ՝ համատեղ քննարկման համար»,- հավելեց նա: Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ հավելեց. «Շատ հստակ էդ շարունակում եք: Մեր քաղաքականությունը հետևյալն է՝ փոքր ու միջին բիզնեսի բեռը չի ավելանալու: Բայց մենք պետք է հասկանանք, որ խոշոր բիզնեսի շրջանառությունը եւ հաշվառումը ունենալու ենք: Պետք է պարզ իրենց հետ խոսենք, պարզ խոսելու ժամանակ իրենք ամեն ինչ հասկանալու են»: