Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոխադարձ դժգոհություններ՝ սահմանադրական դատարանում (տեսանյութ)

Քաղաքականություն
sd4

Սահմանադրական դատարանում այսօր Կոնգրես-ՀԺԿ դաշինքի`ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումի քննությանը դաշինքի լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանի հարցերին ի պատասխան ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը կարճ էր պատասխանում` ասելով. «Ես տվեցի իմ պատասխանը»: «Բարձր դատարան, սա նորմա՞լ պատասխան է»,-սրտնեղեց Տիգրան Եգորյանը։ «Մենք չենք կարող գնահատական տալ` նորմալ էր, թե ոչ, այդ մասին կարող եք անդրադառնալ ձեր եզրափակիչ ելույթում, ինչպես նաեւ` ձեր հարցը նորմալ էր, թե ոչ, այդ մասին մենք կխոսենք մեր որոշման մեջ»,-արձագանքեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։ Նա եւս իր հերթին սկսեց դիտողություններ անել Տիգրան Եգորյանկն` ասելով. «Դուք ինչո՞վ եք հիմա զբաղված` հա՞րց եք տալիս, թե՞ գնահատականներ։ Կոռեկտ հարցուխատասխանի անցեք։ Սեղմ ձեւակերպեք ձեր հարցերը, իսկ դուք` պարոն Մուկուչյան, փորձեք ուշադիր լսել»։ Տիգրան Եգորյանը փորձեց վերաձեւակերպել հարցերը` բարձրաձայն մտածելով. «Ինչպես ձեւակերպեմ հարցս, որ կոռեկտ ու հակիրճ լինի...»:  «Մինչեւ 7 րոպե»,- կատակեց Տիգրան Մուկուչյանը։ Դահլիճը սկսեց ծիծաղել։ «Լավ է, որ դահլիճը թարմացավ, բայց եթե կուզեք, պարոն Եգորյան, ես ձեզ կօգնեմ, կձեւակերպեմ հարցը»,- ասաց ՍԴ նախագահը։ Տիգրան Եգորյանը հրաժարվեց, փոխարենը` ձեռքի ժամացույցը հանեց, դրեց սեղանին ու սկսեց րոպե առ րոպե հետեւել իր հարցի տեւողությանը` վերջում ասելով. «Ավարտ հարցի»։