ՍԴ նախագահը ցանկություն հայտնեց տպագրել Վահե Գրիգորյանի ելույթը (տեսանյութ)
Կոնգրես-ՀԺԿ դաշինքի լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանում իր ելույթում, դիմելով ՍԴ անդամներին, հայտարարեց. «Եթե չի կարողանա լիարժեքորեն բավարարել մեր դիմումը, ապա գոնե արձագանքի ու արձանագրի երկրում տիրող իրավիճակը»։ Նա նաեւ նշեց՝ քանի որ ընտրական գործընթացը միայն տեխնիկական գործընթաց չէ, այլ տեղի է ունենում քաղաքական ու մշակութային ավելի լայն համատեքստում, այդ պատճառով ՍԴ-ն չի կարող անտեսել այդ համատեքստը, մանավանդ, երբ դրա հիմնական խաղացողը ՀՀԿ-ն է. «Սա ուղղակի սահմանադրական իրավական հետաքրքրության առարկա է: Մենք խոսում ենք մի կուսակցության մասին, որը օրինական հիմունքներով վերահսկում է ՀՀ օրենսդիր մարմինը: Ես չեմ խոսում ապօրինի կամ հանցավոր որեւէ սխեմայի մասին՝ այն ունի բավարար մանդատներ, որ կանխորոշի այդ մարմնի բոլոր գործողությունները: Օրինականություն, որ դուք ասում եք, այդ մարմնի կայացրած ակտերին համապատասխանությունն է, այլ խոսքով՝ այդ կուսակցության կամքին համապատասխանությունն է: Նույն կուսակցությունը բոլորովին օրինական հիմքերով, որպես պատասխանողի կողմից կայացրած որոշման հետեւանք, վերահսկում է նաեւ գործադիր իշխանությունը՝ վերից վար, այնքանով, որքանով օրենսդիր իշխանության մեջ ունեցած իր դիրքը հնարավորություն է տալիս: Նույն կուսակցությունը վերահսկում է ՀՀ նախագահի լայն իրավասություններով օժտված ինստիտուտը, որը, ինչպես գիտեք, միջամտություններ ունի իշխանության բոլոր 3 ճյուղերում, բնականաբար՝ դատական իշխանության մասով ավելի չափավորված ձեւով: ՀՀԿ կողմից այս ատյանի նկատմամբ վերահսկողությունը ավելի քան շոշափելի է: Ես ընդամենը երկու փաստարկ կբերեմ՝ դատական իշխանության կախվածությունը գործադիրից հիմք է հանդիսացել, որ բերել է Սահմանադրական փոփոխություններ: 2-րդ հանգամանքը՝ ՀՀ-ն Երկիր մոլորակի վրա այն պետություններից մեկն է, որը միապետություն չէ, ըստ Սահմանդրական կարգի, նաեւ՝ բոլոր դատավորները կամ նշանակված են, կամ նշանակվում են, կամ վերանշակվել են ՀՀԿ նախագահի կողմից: Եւ դուք գիտեք, թե նախագահի հայեցողական շրջանակը որքան մեծ է՝ նա ունի բացասական հայեցողությամբ ընտրելու դատավորներ: Այլ խոսքով, մենք գործ ունենք մի կուսակցության հետ, որը վերահսկում է իշխանության երեք ճյուղերը, որը, ավելորդ է ասել, որ հակասահմանադրական իրավիճակ է»: Նրա ելույթից հետո եւս դահլիճը սկսեց ծափ գալ։ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կրկին հայտարարությամբ հանդես եկավ` ասելով. «Ծափ տվողները թող գան մեր սեմինարին ու նույն ակտիվությամբ հանդես գան։ Պարոն Գրիգորյան, առաջարկում եմ այն, ինչ այստեղ չհասցրիք ասել, հոդված գրեք, մենք կտպագրենք»։ Երբ ելույթով պետք է հանդես գար ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, դահլիճում ներկաներից շատերը դուրս եկան։