Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քաղաքացին պետք է ընտրություն կատարի Ելք-ի եւ ՀՀԿ–ի միջեւ» (տեսանյութ)

Քաղաքականություն
as-1

«Ելք» դաշինքը Երեւանի ավագանու ընտրությունների ծրագրային դրույթներում առանձնացրել է 3 հիմնական ոլորտ՝ հանրային տրանսպորտ, կոմունալ ծառայություններ եւ  ճանապարհաշինություն ու քաղաքաշինություն: «Մենք ասում ենք, որ հանրային տրանսպորտի ոլորտում ավտոբուսների թիվը պետք է հասցվի 80 տոկոսի, մի բան, որ այսքան տարի չի հաջողվել  ՀՀԿ-ին: Այստեղ նախատեսվում է նաեւ կանգառների բարեկարգում: Ոլորտը կարգավորելով կլինեն նաեւ հատուկ ճանապարհային գծեր,  որով պետք է երթևեկի բացառապես հանրային տրանսպորտը»,- ներկայացնում է «Ելք» դաշինքի ավագանու թեկնածու Դավիթ Խաժակյանն ու հավելում, որ այս ոլորտում նրանք նախատեսում են նաեւ մետրոպոլիտենի նոր կայարանի ստեղծում. «Այդ ծրագիրը կարժենա մոտ 300 միլիոն դոլար, կարծում ենք, որ քաղաքի բյուջեից կրճատելով մի շարք ոլորտների շռայլ ծախսեր՝ կկարողանանք 5 տարում զգալի գումարներ տնտեսել ՝ շինարարություն սկսելու համար: Այս ծրագրում պետք է ներգրավված լինի նաեւ կառավարությունը»: Կոմունալ ծառայությունների ոլորտում «ԵԼՔ»-ի համար մտահոգող է աղբահանությունը, չնայած նրանք չեն հերքում, որ վերջին տարիներին այս ոլորտում փոփոխություն կա, բայց ոլորտում  դեռ մնում են բազմաթիվ խնդիրներ: Երեւանի ավագանու ընտրությունները «ԵԼՔ»-ի համար ունեն  քաղաքական նշանակություն: Քանի որ ՀՀԿ-ն առաջին անգամ է ընտրություններին մասնակցում միայնակ, ընդդիմադիրների դեմ: Քաղաքացին պետք է ընտրություն կատարի Ելք-ի եւ ՀՀԿ –ի միջեւ, կարծում է «ԵԼՔ» դաշինքի ավագանու թեկնածու Վիկտոր Ենգիբարյանը: Սակայն նա վստահեցնում է, որ իրենք չեն թերագնահատում նաեւ «Երկիր Ծիրանի» կուսակցությանը. «ՀՀԿ-ն միշտ մասնակցել է դաշնակցության հետ, ԲՀԿ ի հետ , որոնք կոալիցիայի մեջ են եղել: «Երկիր Ծիրանի»-ին մենք չենք համարում  ՀՀԿ-ի կողմից ներդրված, պարզապես մենք արդեն ունենք բարձր վարկանիշ, մենք մեր հակառակորդը համարում ենք միայն  ՀՀԿ-ին, առանց թերագնահատելու «Երկիր Ծիրանի»-ին»,- նշեց նա: