Արա Աբրահամյանին նեղացրել են, իսկ այսօր նվեր հանձնեցին (տեսանյութ)
Երեւանում մոսկովյան մշակութա-գործարարական կենտրոնում տեղի ունեցավ Համաշխարհային հայկական կոնգրեսի, ՌԴ հայերի միության եւ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից հայտարարված գիտական եւ ստեղծագործական լավագույն աշխատանքների «Մրցանակաբաշխություն 2015»-ի արդյունքների ամփոփումն ու դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Մրցանակային ֆոնդը կազմում է 42 մլն դրամ, նոմինացվել է 62 գիտնական։ Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը միջոցառումից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Կարեն Կարապետյանի կառավարությանն ու ներդրումներին, նշեց, որ գոհ է կառավարումից եւ իր կողմից ամեն ինչ կանի օգնելու վարչապետին։ Նա նաեւ նշեց, որ իր կողմից ամեն ինչ կանի, որպեսզի ներդրումները ակտիվանան, եւ ոչ միայն նյութական, այլեւ հոգեւոր, մշակութային ոլորտներում։ Քաղաքական այլ հարցերի նա խուսափեց պատասխանել` նշելով միայն, որ այս ընթացքում բազմաթիվ անգամ են փորձել իրեն նեղացնել` քննարկելով իր անձնական, ընտանեկան կյանքը, սակայն ինքը ըմբռնումով է մոտենում այդ ամենին։ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հրաժարվեց խոսել քաղաքական հարցերի, մասնավորապես՝ նոր Կառավարությունում իր ներկայացվածության մասին։ Հրանուշ Հակոբյանը միջոցառման ժամանակ նվերներ հանձնեց Արա Աբրահամյանին` գովասանքի խոսքեր շռայլելով։ Արա Աբրահամյանն ի պատասխան` զարմացած ասաց. «Սովետմիությունը հետ է գալիս: Այն ժամանակ էին միջոցառումներից հետո պարտադիր ինչ-որ բան նվիրում։ Նաեւ ասեմ, որ այսօր իմ ծննդյան օրը չէ»: «Պարոն Աբրահամյան, ես չեմ մոռացել` դուք իմ ծննդյան օրը նվեր տվեցիք, եւ հիմա ես եմ փորձում այդպես շնորհավորել ձեր տարեդարձը, որը չէի հասցրել շնորհավորել»,-փորձեց իրավիճակից ելք գտնել Հրանուշ Հակոբյանը։