«Սերժ Սարգսյանը շախմատի իր պարտիան շարունակում է» (տեսանյութ)
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով երեկ ԿԸՀ ներկայացրած ինքնաբացարկի դիմումների հետ վերցնելուն հատկապես Ծառուկյան դաշինքի անդամների կողմից, նշեց. «Սա համակարգային խնդիր է, շուկայական, բազալտային հարաբերություններ։ Էն հայտնի ֆիլմի հերոսի նման, որ ասում է` «Ուստա, Համոն փող չի տվել», թե հիմա ով փողը չի տվել, չգիտեմ, բայց սա անընդունելի երեւույթ է։ Նման մարդկանց ԱԺ հանձնելը հանցագործություն է. նրանք եկել են տանիք ունենալու։ Եթե այսպես շարունակվի, Ծառուկյան դաշինքի ներսում ներքին բախումներ կլինեն։ Մտածում եմ` միգուցե Գագիկ Ծառուկյանը ուզել է ավելի արժանավորներին անցկացնել ԱԺ, սակայն չստացվեց։ Նման իրավիճակ կլինի նաեւ ՀՀԿ-ում: Դա հետեւանք է նրա, որ փորձեցին գնել ընտրողի ձայնը։ Ինքնաբացարկի դիմումները հետ վերցնողների կեսից ավելիի ազգանունները առաջին անգամն էի իմանում»: Պարոն Սարգսյանը ՀՀԿ ձեռքը, մատը չի տեսնում այս ամենում. «Ընդամենը որտեղ չկա քաղաքական հենք, նման բաներ կլինեն։ Սերժ Սարգսյանը շախմատի իր պարտիան շարունակում է»: Ինչ վերաբերում է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանին, որը եւս հայտարարում է, թե ինքը չի գրել ինքնաբացարկի դիմում, Արամ Սարգսյանը նկատեց. «Աստվածաշնչյան մի ճշմարտություն կա` եթե քո ընկերոջը դավաճանեցիր, ինձ էլ կդավաճանես»: Նրա կանխատեսմամբ` նոր խորհրդարանում Ծառուկյան դաշինքի խմբակցությունը միատարր չի լինի` արդեն կա անվստահություն, դա ակնհայտ է։