Պայքար ու կռիվ՝ կառավարման վահանակի համար
Երևանի պետական համալսարանի Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնը 10 տարեկան է։ Ադապտացիոն մեխանիզմների հետազոտություն, «Երեք ծովերի» համակարգ և «Ցանցապետություն», մասնագետներն այստեղ միտք են արտադրում հատկապես այս ուղղություններով։ Աշխարհաքաղաքական հարցերին պատասխանելը թիվ մեկ գործն է։ Վերլուծություններն ուղարկվում են նաև պետական գերատեսչություններին։ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանի խոսքով՝ իրենք չեն կարողանում գիտական ողջ ներուժն օգտագործել ֆինանսական միջոցների սղության պատճառով։ «Ինչքան ավելի լայն լինի մեր նյութական խարիսխը, այնքան ավելի մեծ կազմ կունենանք, այնքան ավելի կադրերի հոսունությունը քիչ կլինի և այնքան ավելի հետևողականորեն մենք մեր գործը կկարողանանք անել։ Ներկայիս պայմաններում դրա հույսն ունենալը շատ դժվար է»։ Դավիթ Հովհաննիսյանը կենտրոնի խնդիրներից է համարում նաև ուղեղների արտահոսքը։ Լավ մասնագետները չեն կարողանում ցածր աշխատավարձերի պատճառով երկար աշխատել։ Բայց եթե նույնիսկ այստեղից գնում են, կապը նրանց հետ չի կորչում. «Մենք դրան շատ վատ չենք վերաբերվում, որովհետև մեր աշխատակիցները, որոնք այսօր Միացյալ Նահանգներում են, եվրոպական համալսարաններում ու Ռուսաստանում են, իրենք մեզ հետ կապը պահպանում են։ Մեր նպատակներից մեկն էլ այդ ցանցի ձևավորումն է և դրա զարգացումը»։ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն այսօր ներկայացրեց հերթական վերլուծական տեղեկագիրը, որը թեմատիկ է։ Այն նվիրված է «Երեք ծովերի» համակարգին։ Դավիթ Հովհաննիսյանը վստահեցնում է արդի աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում նման գրքի լույս ընծայելն իսկապես կարևոր է. «Պատասխանել ենք այն հարցին, թե ինչպես է գործում և ինչպես չի գործում Երեք ծովերի համակարգը։ Աշխարհը փոքր է և այն պատկերացումն ու ընկալումը, որ մենք ունենինք տարածաշրջանների մասին, ներկայումս լրիվ վերանայման պետք է ենթարկվի, քանի որ կոմունիկացիոն և ինֆորմացիոն, տրանսպորտային արագացումների հետևանքով կապը և դրա հիմնելը նյութական խարիսխի վրա չափազանց լուրջ նշանակություն ունի։ Ով որ կարողանում է վերահսկել կառավարման վահանակները, նա էլ տարածաշրջանում լրջագույն դեր ունի։ Գերտերությունների պայքարը, կռիվը այդ վահանակի համար է»։ Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում և Սիրիայում, դա հենց այդ պայքարի դրսևորումն է։