Եվրոպական դատարանը բավարարել է ԳԱԼԱ-ի հայցերից մեկը. galatv.am
Եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Չապ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով դատական ակտը: Գործն առավել հայտնի է իբրև ԳԱԼԱ հեռուստաընկերության գործ: Եվրոպական դատարանի այսօրվա ակտը վերաբերում է միայն հարկային մարմինների կողմից ԳԱԼԱ-ի նկատմամբ տույժ ու տուգանքներ սահմանելուն և ակտավորելուն: Եվրոպական դատարանը բավարարել է ԳԱԼԱ-ի հայցը 6-րդ հոդվածի մասով և գտել է, որ գործը պետք է քննության առնել քրեական մեղադրանքի շրջանակներում: Մյուս պահանջները՝ նյութական վնասի փոխհատուցման և խոսքի ազատության սահմանափակման տեսանկյունից, առայժմ Եվրոպական դատարանը չի քննել: Հիշեցնենք, որ 2007 թվականի սեպտեմբերի 21-ին, 22-ին և հոկտեմբերի 14-ին հեռուստաընկերությունը լուսաբանել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ իշխանություններին քննադատող ելույթը, որից հետո սկսվել են քաղաքական, հարկային և դատական ճնշումներ ԳԱԼԱ հեռուստաընկերության նկատմամբ: 2007թ. հոկտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 12-ը հարկային մարմիններն ստուգումներ են իրականացրել հեռուստաընկերությունում և արդյունքում կազմել են ակտ, որի հիման վրա առաջացել է լրացուցիչ հարկային պարտավորություն 25.665.100 դրամի չափով: Իսկ Գյումրու քաղաքապետարանը դիմել էր դատարան և պահանջել ԳԱԼԱ հեռուստաընկերության կողմից շահագործվող հեռուստաաշտարակից ապամոնտաժել հեռուստաընկերությանը պատկանող բոլոր սարքավորումները, որոնք ապահովում էին հեռարձակումը: ԳԱԼԱ հեռուստաընկերության գործով փաստաբան Կարեն Թումանյանը բացատրում է. «ԳԱԼԱ-ի վերաբերյալ մի քանի գործեր են քննվել ներպետական ատյաններում: Այս գործը, որի վերաբերյալ Եվրոպական դատարանն ակտ հրապարակեց, վերաբերում է հարկային մարմինների կողմից ակտ կազմելուն, որով լրացուցիչ հարկային պարտավորություն էին առաջացնում՝ 25 մլն-ից մի քիչ ավելի գումարի չափով: Մենք վիճարկել էինք այդ վարչական ակտը վարչական դատարանում: Վարչական դատարանը մեր հայցը մերժել էր, վճռաբեկ դատարանից հետո մենք հայց ենք ներկայացրել Եվրոպական դատարան: Եվրոպական դատարանից մենք խնդրել էինք, որպեսզի դատարանը խախտում ճանաչի գործն արդար դատաքննության մասով, այսինքն 6-րդ հոդվածի մասով, ինչը Եվրոպական դատարանն արել է: Քննել և ճանաչել է որպես 6-րդ հոդվածի խախտում: Այստեղ խոսքը վերաբերում էր նրան, թե արդյոք այս գործը կարող է դիտարկվել քրեական մեղադրանք, թե ոչ՝ հաշվի առնելով այն, որ վարչական վարույթով է քննարկվել: Եվրոպական դատարանը գտել է, որ այո, այն քրեական մեղադրանքի լույսի ներքո պետք է դիտարկվի, և այն խախտումները, որը մենք ենք ներկայացրել, դրանք գտել է հիմնավոր՝ և ընդունելության մասով, և վերջնական մասով գտել է խախտված»: Այս իմաստով Եվրոպական դատարանը գտել է, որ ՀՀ-ն «ՉԱՊ» ՍՊԸ-ին պետք է վճարի ընդհանուր առմամբ 3900 եվրո՝ 2400 եվրո պատճառված ոչ նյութական վնասի և 1500 եվրո ծախսերի համար։ Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում