«Միջազգային օրենքները մեր ձեռքերը բռնում են, հակառակորդինը՝ թողնում» (տեսանյութ)
«Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանի վիճակը բարելավվում է, եւ ոտքերը կտրելու վտանգն արդեն անցյալում է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հաղորդման հեղինակ Արշակ Զաքարյանը՝ հույս հայտնելով, որ օպերատորը կկարողանա լիովին ապաքինվել եւ քայլել։ Նա նշեց նաեւ, որ հաղորդաշարի նկարահանման ընթացքում իրենց ուղղությամբ կրակոցները հաճախակի երեւույթ են։ «Մեր վրա յուրաքանչյուր 3-րդ անգամ էլ կրակել են։ Այս անգամ էլ իրենց մտածված են թիրախավորել։ Ինչ վերաբերում է «պրեսսա» տարբերանշանով լինելուն, ապա այդ դեպքում մենք ավելի հասանելի կլինեինք։ Միջազգային օրենքները մեզ ավելի շատ վնասում են, մեր ձեռքերը բռնում են, իսկ հակառակորդինը՝ բաց թողնում։ Այսօր մարտի դաշտում ամենավտանգավորը հենց լրագրողներն են, քանի որ հենց նրանք են արձանագրում ռազմական հանցագործությունները, էսօր շատ դեպքերում, երբ տեսնում են լրագրողի, առաջինը հենց նրան են թիրախավորում։ Անդրադառնալով դիրքեր անարգել մտնելու ու աշխատելու հարցին՝ նա նշեց, որ այնպիսի հակառակորդի հետ գործ ունենք, որ անգամ Կարմիր Խաչի վրա է կրակում։ «Գուցե ամեն ինչ այլ լիներ, եթե դրանից հետո նրանք պարզ ու շիտակ հայտարարեին, թե ինչ է կատարվել, բայց գնում են, կոչ անում կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը»։ Ըստ նրա՝ հակառակորդը երբեք, ոչ մի կանոնների չի ենթարկվում, կրակում է, երբ ուզում է, չի կրակում, երբ ճնշումներ են գործադրվում։