ԱԺ-ն ընտրեց 3 փոխնախագահներին (տեսանյութ)
Այսուհետ ԱԺ նախագահությունում կնստի 4 հոգի։ Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հրապարակեց ԱԺ փոխնախագահների փակ, գաղտնի քվեարկության արդյունքները։ Քվեարկությանը մասնակցել է 100 պատգամավոր, որից 73-ն իր ձայնը տվել է ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանին, Էդուարդ Շարմազանովին` 84, իսկ Ծառուկյան դաշինքի անդամ Միքայել Մելքումյանին` 65։ Երեքն էլ ընտրվեցին ԱԺ փոխնախագահներ։ Նրանք զբաղեցրին իրենց համար նախատեսված աթոռները։ Արա Բաբլոյանը նաեւ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանին հանձնեց հուշանվեր, որպեսզի, նրա խոսքով, պարոն Սահակյանն ամեն օր հիշի, որ ինքը ԱԺ արժանի նախագահ է եղել։ ԱԺ նախագահությունը նաեւ ծաղիկներ նվիրեց ԱԺ նախկին եւ ներկա կին փոխնախագահներին։ ՀՀԿ խմբակցության ղեկավար է ընտրվել Վահրամ Բաղդասարյանը, քարտուղար` Գագիկ Մելիքյանը, Ելք դաշինքի խմբակցության ղեկավար` Նիկոլ Փաշինյան, քարտուղար` Գեւորգ Գորգիսյան, Ծառուկյան դաշինքի խմբակցության ղեկավար` Գագիկ Ծառուկյան, քարտուղար` Վահե Էնֆիաջյան, ՀՅԴ խմբակցության ղեկավար` Արմեն Ռուստամյան, քարտուղար` Աղվան Վարդանյան։