Հայաստանի ֆուտբոլիստները կմրցեն «Կարիբյան ծովի ծովահենների» հետ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր Երեւանում ընկերական հանդիպում կանցկացնի Սենթ Կիտս եւ Նեւիսի ընտրանու հետ: Խաղը տեղի կունենա «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին: Կարիբյան ծովի կղզիներում գտնվող այդ երկրի ազգային թիմը մշտական հանդիպումներ սկսել է անցկացնել 1993 թվականից: Մեր հավաքականի մրցակցի միակ նվաճումը գրանցվել է 1997 թվականին, երբ Կարիբյան կղզիների առաջնությունում զբաղեցրել է 2-րդ տեղը: Սենթ Կիտս եւ Նեւիսի հավաքականը, ինքնին, շատ հազվադեպ է հանդիպում եվրոպական թիմերի հետ: Վերջին անգամ ֆուտբոլային «ծովահենները» սեփական խաղադաշտում փորձել էին «խորտակել» Էստոնիայի ընտրանուն, սակայն դա նրանց չէր հաջողվել եւ գրանցվել էր ոչ-ոքի արդյունք՝ 1:1: Ի դեպ, Սենթ Կիտս եւ Նեւիսի ֆուտբոլիստները Հայաստանի հետ խաղից հետո մեկնելու են Թբիլիսի, որտեղ արդեն ընկերական հանդիպում են անցկացնելու վրացիների հետ: Հարկ է նշել, որ մեր թիմի այսօրվա մրցակցի կազմում կան նաեւ արտասահմանյան ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստներ: Մասնավորապես՝ թիմի ավագ Աֆիբա Հարիսը խաղում է ամերիկյան «Դալասում», գլխավոր ռմբարկու Հարի Պանայոտուն՝ անգլիական «Բարոու» թիմում: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը բնութագրելով այսօրվա մրցակցին, նախախաղային մամուլի ասուլիսին ասաց, որ «չոր եւ ագրեսիվ թիմ է, սակայն ոչ կոպիտ»: Հուսանք, որ աշխարհի առաջնության ընտրական խաղից առաջ Հայաստանի հավաքականը հաջողությամբ կհանձնի ստուգարքը եւ լիովին պատրաստ կլինի Չեռնոգորիայի հետ արտագնա քննությանը: