Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանին հրեշտակ պե՞տք է (տեսանյութ)

Քաղաքականություն
VH09ZBXHu2Q

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին ներկայացվեց Կոռուպցիայի կանխարգելման մասին հանձնաժողովի ստեղծման մասին նախագիծը։ «Ելք» դաշինքի պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը, շարունակելով նախագծերի` հապշտապ քննարկման մեխանիզմը, նշեց, որ անընդունելի մոտեցում է դա. «Օրինակ` ինչ մեխանիզմներով է որոշվել մասնավորեցվող հիմնարկների այդ ցուցակը։ Եկեք համատեղ աշխատենք, որպեսզի մեր առաջարկները պատշաճ կարգով քննարկենք»։ https://youtu.be/Ti9rpDxRiKs Նախագիծը ներկայացրեց ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը։ Նա, մանրամասն ներկայացնելով նախագիծը, նշեց նաեւ, որ բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի ցանկում ներառված են նաեւ դատախազները, քննիչները, գնումների բողոքարկման խորհրդի անդամները եւ այլն. «Նրանց հայտարարագրերում որպես ընտանիքի անդամներ` նշվում են ամուսինը, անչափահասը, խնամակալության տակ գտնվող անձինք, համատեղ ապրող ցանկացած անձ։ Նոր մեխամիզմ ենք ներառել` շահերի հայտարարագրումը։ Սկզբունքները` այս առումով միջազգային փորձը բավականին տարբեր են, միատեսակ համադարման չկա, չկա հաջողության երաշխիքի կոնկրետ բանաձեւ։ Ընտրել ենք ունիվերսալ մոդելը` մեկ մարմին է իրականացնելու գործառույթները, դրանք են` կրթական, կանխարգելիչ, քննչական։ Հակակոռուպցիոն մարմինը լինելու է ապաքաղաքական, անկողմնակալ, չեզոք»: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն, անդրադառնալով կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ անանուն հաղորդագրություններին, նկատեց. «Խորհրդային շրջանում անանուն նամակների ամենամեծ չափաբաժինը Հայաստանում էր։ Հիմա ստացվում է` Կիրակոսը Պետրոսին չի սիրում, նամակ է գրում, ու մինչ նախաքննության ավարտը տվյալ պաշտոնյան արդեն արատավորվել է»: «Ձեր ասած` այդ սարսափելի տեսարանի նկարագրությունը չկա օրենքում, քանի որ չկա նման մտահոգություն։ Անանուն հարթակը հասանելի է լինելու միայն դատախազությամը, որն էլ փոխանցելու է օպերատիվ հետախուզական մարմիններին, որոնք էլ կճշտեն` դրանք ստուգելի տվյալնե՞ր են, թե ոչ, բավարար չափով վստահելի են, թե ոչ։ Եթե այդ տվյալներում հանցագործության տարրեր չլինեն, ապա որեւէ մեկը դրանք չի ստուգի։ Օրինակ` եթե անանուն հաղորդագրության մեջ նշված լինի` ես գիտեմ, որ նա շատ կաշառակեր մարդ է, դա շատ ծիծաղելի ձեւակերպում կլինի, ու դա ոչ մեկին հետաքրքիր չի լինի»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը։ «Ելք դաշինք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ անգամ անբիծ մարդը չի կարող կառավարել հակակոռուպցիոն այդ մարմինը. «Անգամ, եթե հարեւաններն ասեն, թե սուրբ է այս մարդը, այդ հրեշտակը, երբ նստի այդ աթոռին, նա կսկսի հրեշտակի ձեւով թեւածի ու որեւէ մեկին նեղություն չտա, ո՞ւմ է պետք նրա աշխատանքը։ Կոռուպցիայի դեմ պայքարի համապատասխան կամք պետք է ունենա, այլ ոչ թե նստի ու ասի` օրենսդրությունը թերի է, լծակներ չունի։ Որպես հակակշիռ` հակակոռուպցիոն մարմնի ղեկավարի աթոռը պետք է տալ ընդդիմությանը, եւ այս մարմինը պետք է ոչ թե կոլեգիալ լինի, այլ բրգաձեւ կառույց»։