Պայքարը շարունակվում է. Ժիրայր Սեֆիլյան (տեսանյութ)
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում արտագնա կարգով այսօր մեկնարկեց «Ժիրայր Սեֆիլյան և մյուսներ» դատական նիստը։ Նիստի ընթացքում պաշտպաններ Արայիկ Պապիկյանը, Նինա Կարապետյանցն ու Տիգրան Հայրապետյանը այնուամենայնիվ մտան նիստերի դահլիճ։ Կարգադրիչները նրանց առանց զննության ներս էին թողել և նշել, որ հաջորդ դատական նիստին այդպես չի լինելու, նրանց զննելու են։ Մինչ դատական նիստն սկսվելը, 100-ամյակն առանց ռեժիմի շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ պայքարը շարունակվում է, իսկ արդեն բուն դատական գործին ամբաստանյալներից Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին։ Նրա խոսքով՝ դատավորը քրեական գործի նյութերը չի հետազոտել. եթե հաշվարկներ են կատարում, ապա նա 36 հատորից ամեն էջին տրամադրել է 0,7 վայրկյան, ուստի դատավորը կանխակալ վերաբերմունք ունի Պողոսյանի նկատմամբ։ Ինքնաբացարկի միջնորդությանը միացավ նաև Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը՝ նշելով, որ դատավորը ոչ պատշաճ է. «Դուք անաչառ դատավոր չեք կարող դիտվել»։ Դատավորը մեկ ժամով հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու։