Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերգեյ Սմբատյանը հիշեցրեց Էդվարդ Միրզոյանին. Գիա Կանչելի (տեսանյութ)

Մշակույթ
Untitled-6

«Հիանալի նվագախումբ է, շատ շնորհալի երիտասարդ երաժիշտներ են, Սերգեյ Սմբատյանն էլ ինձ երիտասարդ Էդվարդ Միրզոյանին հիշեցրեց»: Երևանում է երաժշտական աշխարհի կենդանի լեգենդ Գիա Կանչելին, ով եկել է մասնակցելու իրեն նվիրված փառատոնին: «Փառատոնի մասին մեկ տարի առաջ ինձ կլարնետահար Յուլիան Միլկիսը հայտնեց: Վերջին անգամ Հայաստանում 7 տարի առաջ եմ եղել: Երջանիկ եմ, որ կարողացա նորից գալ ձեր երկիր, որն իմ ստեղծագործական կյանքի մի մասնիկն է եղել: Դիլիջանի ստեղծագործական տանը ես գրել եմ իմ 7 սիմֆոնիաներից՝ 6-ը: Առաջին ունկնդիրներն ու քննադատները իմ թանկագին ու անմոռանալի Առնո Բաբաջանյանը, Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանն ու Ավետ Տերտերյանն էին:  Գիա Կանչելիին նվիրված փառատոնի շրջանակներում այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կհնչի կոմպոզիտորի թատրոնի և կինոյի համար գրված երաժշտությունը: Մոտ 70 ֆիլմի և 40 ներկայացման համար գրված երաժշտության հեղինակը շնորհակալ է ճակատագրին, որ հնարավորություն է ունեցել աշխատել Սերգեյ Դանելիայի, Ռոբերտ Ստուրուայի, Էլդար Շենգելայի, Գեորգի Տավստանոգովի հետ: Գիա Կանչելիի սիֆոնիկ և կամերային երաժշտական կտավներն այսօր կատարում են աշխարհի լավագույն նվագախմբերն ու ղեկավարում են մեծանուն դիրիժորները: Կոմպոզիտորի համոզմամբ, երաժշտությունը հնարավոր չի հասկանալ, այն զգալ է պետք: «Ես միշտ գրել եմ այն, ինչ ցանկացել ու զգացել եմ: Դժվար եմ գրել: Սա չարքաշ աշխատանք է: Սակայն ունկնդիրն այս չարչարանքը չպետք է զգա, նա պետք է վայելի»:  Վաղը, Արամ Խաչատրյան համերգասրահում, Գիա Կանչելիի սիմֆոնիկ երկերի հայաստանյան պրեմիերաները երևանյան ունկնդրին կներկայացնեն Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, մենակատար Ալեքսանդր Սևաստյանը և նվագախմբի պղնձափողային կվինտետը։