Ամերիկաբնակ հայ երաժշտի ոդիսականը չինական նվագախմբում
Ամերիկաբնակ երաժիշտ Ստեփան Խալաթյանը համոզված է` հայ հանդիսատեսն, իրոք, ամենախստապահանջն է: Բազմաթիվ երկրների ամենահեղինակավոր համերգասրահներում հանդես եկած արտիստը վերջին տարիներին աշխատում է որպես ԱՄՆ-ի Shen Yun Performing Arts-ի հինգ կազմակերպություններից մեկի նվագախմբի կոնցերտմայստեր, ինչպես նաև Shen Yun Symphony Orchestra-ի երկրորդ ջութակների կոնցերտմայստերը: «2013 թվականին տրոմբոնահար ընկերոջս`Կարեն Խաչատրյանի միջոցով, տեղեկացա Նյու-Յորքում գտնվող Shen Yun Performing Arts-ի կազմակերպության մասին: Դա հինգ կազմակերպություններից բաղկացած ընկերություն է, որը ներկայացնում է չինական արվեստը` պարի և 3D անիմացիաների միջոցով, նվագախմբի կենդանի նվագակցությամբ և շրջագայում է աշխարհով մեկ: 2014-ին մասնակցում եմ լսումների և զբաղեցնում Shen Yun Performing Arts-ի հինգ կազմակերպություններից մեկի նվագախմբի կոնցերտմայստերի, ինչպես նաև ամբողջ աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում հանդես եկող Shen Yun Symphony Orchestra-ի երկրորդ ջութակների կոնցերտմայստերի պաշտոնները: Այդպես հայտնվեցի Միացյալ Նահանգներում»,-նշում է ջութակահարը: Ստեփան Խալաթյանը վերջին 4 տարիների ընթացքում համերգներով հասցրել է հանդես գալ Հյուսիսային Ամերիկայի 51 նահանգներից 37-ի լավագույն համերգասրահներում` Carnegie Hall, Chicago Symphony Center, Boston Symphony Hall, John F. Kennedy Center և այլն, ինչպես նաև Մեքսիկայի, Կոլումբիայի, Արգենտինայի հեղինակավոր հարթակներում: Այս տարվա 4,5 ամսում նվագախումբը 77 համերգ է ունեցել: «Shen Yun Performing Arts-ի մյուս նվագախմբերում էլ հայ երաժիշտներ կան` տրոմբոնահար Կարեն Խաչատրյանը, կլարնետահար Մհեր Մնացականյանը, ջութակահարներ` Աշոտ Դումանյանն ու Արսեն Կետիկյանը, կոնտրաբասահար Տիգրան Ոսկանյանը: Անցյալ տարի մեզ միացավ դիրիժոր, կոնտրաբասահար Վարդան Հակոբյանը: Շատ մեծ հպարտություն եմ ապրում, որ չինական կազմակերպության, չինական նվագախմբի դիրիժորական վահանակի մոտ կանգնած է հայ երաժիշտը: Հուսով եմ, միասնական ջանքերով կկարողանանք ներկայանալ հայ հանդիսատեսին»,-նշում է նա: Նշենք, որ Ստեփան Խալաթյանը ջութակ նվագում է 6 տարեկանից: Հայրը` Հակոբ Խալաթյանը, քամանչահար, գեղանկարիչ է, մայրը` Աննա Խալաթյանը, թավջութակահար: Սովորել է Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում` Էդուարդ Մարգարյանի, այնուհետև` Արմեն Ճենտերեճյանի դասարաններում: 2004 թվականին ընդունվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, որտեղ ուսանել է ներկայիս ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանի դասարանում, հետո`մագիստրատուրայում: Չնայած երիտասարդ տարիքին, ջութակահարի կենսագրականը բավականին պատկառելի է: Որպես ուսումնական կվարտետի անդամ` համերգներով հանդես է եկել Մ. Սարյանի և Ավ. Իսահակյանի տուն-թանգարաններում: 2006 թվականին Ստեփանն իր հոր հետ տրիոյով, կվարտետով ու կվինտետով հանդես է եկել նրա 50-ամյա հոբելյանին նվիրված համերգին: Առանձին ու կարևոր ժամանակահատված կապված է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբի հետ, որտեղ Ստեփանը աշխատել է որպես երկրորդ ջութակների կոնցերտմայստեր: Աշխարհը բացում է ջութակահարի արջև իր դռներն ու 2007-2014 թթ., գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ, համերգներով ելույթ է ունենում տարբեր երկրներում` Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, Արաբական Էմիրություններ և այլ վայրերում: Նույն ժամանակահատվածում, նվագախմբի կազմում մասնակցել է Վալերի Գերգիևի հիմնադրած մոսկովյան «Զատկի» փառատոնին, ինչպես նաև 2009-ին Գերգիևի ղեկավարությամբ Մարիինյան նվագախմբի կազմում կատարել է Է.Միրզոյանի սիմֆոնիան: Երիտասարդական նվագախմբի հետ Խալաթյանը հանդես է եկել իտալական հանրահայտ Musica Riva փառատոնին: Հավելենք, որ նման հագեցած համերգային ժամանակացույցում, Ստեփանը հասցնում է նաև միջազգային բեմերում հանդես գալ և ներկայացնել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնք մեծ ոգևորությամբ ու բուռն ծափողջուններով է ընդունվում օտարազգի հանդիսականը: Դրան գումարած նա ունի ուսանողներ, ում երիտասարդ մասնագետը օգնում է կատարելագործվել թե՛ որպես մենակատար և թե՛ նվագախմբի երաժիշտ: