Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանի ակտիվությունը կարող է կապված լինել «Մեծ քսանյակի» գագաթաժողովի հետ. Շարմազանով (տեսանյութ)

Քաղաքականություն
sharmazanov

Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի  հերթական նիստն է անցկացվել: ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ նիստում անդրադարձ է եղել  հայ-ադրբեջանական շփման գծում տիրող վերջին իրադարձություններին և չբացառեց, որ Ադրբեջանի ակտիվությունը կարող է կապված լինել նաև «Մեծ քսանյակի» գագաթաժողովի հետ:  Խոսնակը ընդգծեց, որ Ադրբեջանի ապակառուցողական, ահաբեկչական գործողությունները հուշում են, որ նրանք Արցախի հիմնախնդրի շուրջ տարվող բանակցություններում փակուղու մեջ են հայտնվել: «Ադրբեջանը չի կարողանում քաղաքական կամք գտնել և սկսել կատարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները: Այս պատճառով սկսում է առիթներ փնտրել ու արհեստականորեն լարում է իրավիճակը շփման գծում»,- ասաց նա: Էդուարդ Շարմազանովը ևս մեկ անգամ կրկնեց՝ սահմանային լարվածության հետևանքով բոլոր զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում ունեցած զոհերի քաղաքական պատասխանատուն, գլխավոր մեղավորը Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունն է: «Ադրբեջանը սեփական քաղաքացիներին դարձրել է վահան, այնուհետ թաքնվել մանկահասակ երեխայի թիկունքում՝ փորձելով թաքցնել սեփական ահաբեկչական էությունը: Ադրբեջանը բանակցային գործընթացում փակուղու մեջ է, նրա նպատակն է միջազգային հանրությունից ստանալ գնահատական: Մենք տեսնում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունները, միջազգային մեր գործընկերների գնահատականները բավականին հավասարակշռված են»,- շարունակեց Շարմազանովը: Ըստ ԱԺ փոխնախագահի՝   Ադրբեջանը կարող է օգտվել օրերս տեղի ունեցած դեպքերից, երբ իրենք էլ ունեցան քաղաքացիական զոհեր, նոր շոու սարքել:  «Ասել եմ ու կասեմ, որ ապակե տան մեջ ապրողը դիմացինի վրա քար չի նետում, հակառակ դեպքում իր տուն էլ կքանդվի: Եթե միջազգային հանրությունը ձգտում է կայունության, ապա Ադրբեջանից պետք պահանջի, որ նրանք ներդնեն վստահության մեխանիզմները, որի մասին պայմանավորվել են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ: Հրաժարվում է կատարել այն կողմը, որը խախտում է զինադադարի պայմանագիրը»,- ընդգծեց ԱԺ փոխխոսնակը: