Մենք չենք առանձնացնում լավ տղա, վատ տղա, օրենքը բոլորի համար է. դատավորը՝ Սասնա ծռերի մասին (տեսանյութ)
Սասնա ծռերի 14 անդամների գործով դատական նիստին այսօր պաշտպաններից Հայկ Ալումյանը չէր ներկայացել դատարան։ Նա դատարանին գրություն էր ուղարկել և տեղեկացրել, որ ծանրաբեռնված է այլ նիստերով, ուստի չի կարող ներկայանալ։ Հիշեցնենք, որ Հայկ Ալումյանը Սմբատ Բարսեղյանի պաշտպանն է, որը հեռացված է նիստերի դահլիճից։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ Սմբատ Բարսեղյանի համար հանրային պաշտպան է ներկայացել Արմինե Ֆանյանը։ Մինչ պաշտպանին ներգրավելը, դահլիճ բերվեց Սմբատ Բարսեղյանը։ Վերջինս նշեց, որ չի հրաժարվում իր պաշտպանից, և իր շահերը պետք է ներկայացնի միայն Հայկ Ալումյանը, սակայն կարող է նա էլ չներկայանալ։ Արմինե Ֆանյանն էլ նշեց, որ չի ներկայացնելու Սմբատ Բարսեղյանի շահերը, որքան էլ որ ներգրավված լինի, քանի որ անձը չի ցանկանում։ Չնայած առարկություններին՝ դատավորը որոշեց ներգրավել հանրային պաշտպան։ Այնուհետև պաշտպանները միջնորդեցին դահլիճ բերել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար դահլիճից հեռացված իրենց պաշտպանյալներին։ Ամբաստանյալներից Պավլիկ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանը նշեց, որ իրենց պաշտպանյալները զենքը վերցրել են ոչ թե ինչ-որ մեկին թալանելու, այլ դա պետության դեմ ուղղված քայլ է եղել՝ ապստամբություն, ուստի դատավորը պետք է հասկանա նրա ոտքի չկանգնելու տրամաբանությունը։ Դատավորը թույլ չտվեց պաշտպանին շարունակել խոսքը և նշեց. «Մենք չենք առանձնացնում լավ տղա, վատ տղա, օրենքը բոլորի համար է»։ Այնուհետև պաշտպանները միջնորդեցին դահլիճ բերել հեռացված ամբաստանյալներին. դատավորը մերժեց միջնորդությունը, ինչից հետո պաշտպաններ Հարություն Բաղդասարյանը, Հրանտ Գևորգյանը, Դավիթ Գյուրջյանը և Արայիկ Պապիկյանը լքեցին նիստերի դահլիճը։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ փաստաբանների վերաբերյալ որոշում կայացնելու։