«Նենց որ, քիչ ծխեք». հավանություն տրվեց ծխելու դեմ պայքարի միջոցառումներին (տեսանյութ)
Կառավարությունն այսօր հաստատեց «Ծխելու դեմ պայքարի» ռազմավարությունը և հավանություն տվեց այդ ռազմավարության 2017-2020 թվականների միջոցառումների ծրագրին: Ռազմավարության խնդիրներն են՝ ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման բազմաոլորտային սահմանափակումների սահմանումը, մասնավորապես, օգտագործման համար արգելված վայրերի ընդլայնումը, ծխախոտի գովազդի ամբողջական արգելքը և օրենսդրական դաշտի վերանայումը: «Պետք է ապահովել առողջապահական կազմակերպությունների և առողջապահական ոլորտի մասնագետների կարողությունների զարգացում՝ ծխելու դեմ պայքարը արդյունավետ իրականացնելու համար: Պետք է ապահովել նաև բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացում` ծխախոտի օգտագործման և ծխախոտի երկրորդային ծխի ազդեցության հետևանքով հիվանդությունների առաջացման վտանգի վերաբերյալ»,- նշեց Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը: Նախագծի ներկայացումից հետո վարչապետը հորդորեց. «Նենց որ, քիչ ծխեք»: Արդեն կառավարության նիստից հետո նախարար Լեւոն Ալթունյանը նշեց, որ դեռ հայտնի չէ, թե ինչ տույժեր, տուգանքներ կամ արգելքներ կլինեն ծխելու դեմ պայքարի շրջանակներում. «Դեռեւս ոչ մի բան հայտնի չէ, հարցերի պատասխանները կլինեն կոնցեպտի ներքո մշակված օրենսդրական պրոեկտներում: Դա կլինի մոտավոր նոյեմբեր- դեկտեմբեր ամիսներին»: Հարցին, թե շարունակո՞ւմ եք կարծել, որ ծխող մարդիկ անհաջողակներ են, նախարարը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ երիտասարդ սերունդ մեծացնելիս պետք է իրենց մոտ ձեւավորել այդպիսի կարծիք»: