Արգելոցի հրդեհից հետո մարտական ընկերներ են դարձել (տեսանյութ)
«Խոսրովի անտառ» արգելոցի հրդեհի արդյունքում 250 հեկտար անտառային տարածք է այրվել՝ եղած 1600-ից. այսօր հայտարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը։ Ըստ նրա՝ դրանք արբանյակներից մեկից ստացված նախնական տվյալներ են։ Ավելի հստակ պատկեր ստանալու համար կհամադրվեն մի քանի աղբյուրներ: Անտառային հրդեհների մարման ընթացքում կազմակերպչական խնդիր էլ է եղել: Այս լուրը չի հերքում Դավիթ Տոնոյանն ու հավելում է. «Լուծումը որոշակի ժամանակ էր պահանջում՝ ինչպես ցանկացած ռազմական գործողություն: Խոսրովի անտառում բռնկված հրդեհի առաջին ժամերին աշխատանքների համակարգման հետ կապված որոշակի խնդիրներ են ծագել: Մեր գործընկերների հետ արագորեն լուծեցինք այդ խնդիրները»: Իր հասցեին բոլոր հնչած քննադատությունները ավելի մեծ շարժառիթ են դարձել՝ լավ աշխատելու համար: Իսկ պաշտպանության նախարարությունում ունեցած փորձը էլ ավելի օգնեց, խնդիր լուծելու համար: Դավիթ Տոնոյանը նշեց նաեւ, որ իր հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է քաղած դասերը ուսումնասիրի, վերլուծի կատարված աշխատանքները և առաջարկություններ ներկայացնի: Անդրադառնալով հրշեջների, փրկարարների պարգևատրմանը՝ Դավիթ Տոնոյանը նշեց, որ նրանց վարձատրությունը և խրախուսումը դեռ չի եղել. «Բայց սեպտեմբերի 4-ին արտակարգ իրավիճակների օրը նշելիս, անպայման, բոլորը պարգևատրվելու են: Բայց մենք խրախուսում ենք նրանց խոսքով, ներկայությամբ, աշխատանքով»,-ասաց նա: Ինչ վերաբերում է Ռուսաստանի տրամադրած ինքնաթիռի համար վարձատրությանը, նախարարն ասաց, որ նման բան չի լինելու, դա ՌԴ-ի օգնությունն էր Հայաստանին, լինելու են պարզապես որոշ ապահովման ծախսեր: Անդրադարձ կատարվեց նաեւ, այդ օրերին արգելոցի տարածքում բջջային կապի բացակայությանը: Նախարարը չի հերքում, որ դա նույնպես խոչընդոտել է աշխատանքներին. ««Խոսրովի արգելոցի» տարածքում օպերատորների աշխատանքը կազմակերպված չէր, բայց ընդամենը մի քանի ժամ հետո ԱԻՆ-ը կազմակերպեց թվային կապ: Իհարկե, դա բավարար էր միայն ԱԻՆ-ի համար»,- ասաց նա ու հավելեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, բնապահպանության նախարարությունն ու բջջային օպերատորներից մեկն արդեն քննարկումներ են տանում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բջջային կապի հասանելիությունն ապահովելու ուղղությամբ»: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյան էլ հավելեց, որ այժմ քննարկումներ են ընթանում, ընտրելու համար այն վայրերը, որտեղ կարող են տեղակայվել բջջային կայաններ. «Արգելոցային ռեժիմն իր սահմանափակումներն ունի: Առանձին տեղերում ընտրվելու են այն հատվածները, որոնք նվազագույն ազդեցություն կարող են կրել ֆիզիկական բաշխումներից: Երկրորդ՝ աշխատում ենք արեւային պանելներով աշխատող համակարգերի վրա: Հույս ունենք, որ առաջիկա 20 օրվա ընթացքում համատեղ լուծում կլինի, կունենաք նաեւ աջակցություն դրամաշնորհային ծրագրով, որ գոնե ապահովվեն WiFi համակարգերը: Սա նաեւ հնարավորություն կտա մոնիտորինգային համակարգեր ներդնելու, հետեւելու զարգացումներին, նաեւ որսագողության դեմ պայքարին կօգնի»,-նշեց նախարարը: Նախարարները ամփոփեցին ասուլիսը՝ վստահեցնելով, որ այս ամենից հետո մարտական ընկերներ են դարձել: