Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միջազգային հանրությունը խոսում է միայն Ադրբեջանի իրավունքների մասին» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
manvel-sargsyan

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ  Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը արտառոց չէ։ Դիվանագետը  հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վեց  հիմնական կետերը։ «Նա պաշտոնը թողնում է ու նորմալ է, որ եւս մեկ անգամ կրկնում է դիրքորոշումը: Հայ հանրության արձագանքը դժվար է հասկանալ՝ մարդիկ ի՞նչ են ուզում, ինչի՞ց են դժգոհ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը: Ռիչարդ Հոգլանդն օգոստոսի 28-ին ավարտում է իր առաքելությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ զիջելով այդ պաշտոնը Էնդրյու Շեֆերին: Մանվել Սարգսյանի կարծիքով՝ դեսպանը կրկնել է այն, ինչ 25 տարի ասվում է տարբեր մակարդակներում, սակայն մեր դիվանագիտության դիրքորոշումը դրանց վերաբերյալ միշտ աղոտ է եղել: «Ինչի համար է ԱԳՆ-ն վարում բանակցություններ: Երբ հարցնում ես, ասում են՝ բա, դե ինչ անենք: Մարդիկ չեն ասում՝ մենք բանակցում ենք եւ նման նպատակներ ունենք: Այն պաշտոնյաները, որոնք պատասխանատու են այս հարցի լուծման համար, երբ որեւէ հարցի պատասխան չեն տալիս, այստեղից էլ գալիս է այդ համընդհանուր անվստահության մթնոլորտը՝ ցանկացած բառի, տառի, ստորակետի հետ կապված»: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի արձագանքը դեսպան Հոգլանդի հայտարարությանը չի ուշացել: Նա ընդամենը հայտարարել է, թե որևէ նորություն չի ասվել, ՀՀ-ն իր վերաբերմունքը արտահայտել է, մինչդեռ Ադրբեջանն է խուսափում որևէ ձևով իր դիրքորոշումն արտահայտել: Մանվել Սարգսյանն այլ կարծիքի է. «Երբ Ադրբեջանն ասում է՝ ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Հայաստանը ճանաչում է այդ տարածքը՝ որպես Ադրբեջանի մաս, մի անգամ եղե՞լ է, որ ՀՀ պաշտոնյաները քննարկեն այդ հարցը, բացատրեն հանրությանը՝ ոնց են իրենք վերաբերվում Ադրբեջանի այդ ասածին: Թող ասեն՝ դա կատակ է, մեզ հետ խոսելիս Ադրբեջանն այլ բաներ է ասում, կամ հակառակն ասեն՝ Ադրբեջանն այդ նույն բանն ասում է այնտեղ»:  Ըստ քաղաքագետի՝ այսօր միջազգային հանրությունը միայն խոսում է Ադրբեջանի իրավունքների մասին ու Հոգլանդի հայտարարությունը բացառություն չէ.  «Այն իրավունքները, որոնց մասին խոսում է Ադրբեջանը, պետք է նրանից խլվեն, թե ոնց են խլվում, դա արդեն քաղաքականություն է կոչվում: Ինչո՞ւ պետք է Ադրբեջանը իրավունք ունենա՝ նման բաներ հայտարարելու եւ ինչո՞ւ պետք է բոլորը լռեն: Միջազգային հանրությունն է տվել այդ իրավունքը. երբ դա խլեն, այս հարցն էլ կլուծվի»: Հատկապես իշխանական կողմից կարծիքներ են հնչում, թե Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը պատասխանն էր Սոչիում Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպման. «Այսինքն, ի՞նչ՝ Սոչիում հանճարեղ բաներ են արել, մենք էլ չգիտենք, ամերիկացիք էլ սարսափեցի՞ն: Դա անպատասխանատվության ամենաբարձր աստիճանն է պատահական մարդկանց, որոնք ինչ-որ պաշտոններ են ստացել, վայելում են իրենց ամառը ու նման բաներ են խոսում՝ լրիվ հիմարի տեղ դնելով քաղաքացիներին»: Ի դեպ, վեց կետերի թվում Հոգլանդը նշել էր, թե Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանի վերահսկողությանը։Այնտեղ չի կարող լինել որեւէ բնակեցում՝ առանց հաշվի առնելու Ադրբեջանի ինքնիշխանությունը։ Այդ տարածքների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի: