ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ. Ո՞վ է Էնդրյու Շոֆերը (տեսանյութ)
Ամերիկայի Ձայն ԵԱՀԿ Մինսկի խմբում Միացյալ Նահանգների նոր համանախագահ Էնդրյու Շոֆերն ունի դիվանագիտական աշխատանքի ավելի քան քառորդ դարի փորձ: 1985-ին ավարտելով հեղինակավոր Յեյլի համալսարանը՝ Շոֆերը այնուհետեւ միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում է ստանում այդ ոլորտում առաջադեմ Կոլումբիայի համալսարանում: 1991-ից, արդեն որպես Պետքարտուղարության դիվանագետ, Էնդրյու Շոֆերն աշխատում է Քուվեյթում, Բահրեյնում, իսկ 2000-ականներին՝ Ռուսաստանում, Հաագայում եւ Քաբուլում Միացյալ Նահանգների դեսպանություններում՝ կենտրոնանալով քաղաքական հարաբերությունների վրա: Հայտարարելով նոր համանախագահի մասին՝ Մինսկի խմբում ԱՄՆ-ի արդեն նախորդ համանախագահ Ռիչարդ Հոգլանդն ընդգծել էր, որ փայլուն ու փորձառու դիվանագետ լինելուց բացի, Էնդրյու Շոֆերն ունի նաեւ հակամարտությունների կարգավորման գործնական փորձ: 2011-ից 2014-ը Էնդրյու Շոֆերը Կիպրոսում՝ Նիքոսիայում ԱՄՆ-ի փոխդեսպան էր, իսկ 2015-ից Վիենայում Միջազգային կազմակերպություններում Միացյալ Նահանգների առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատարը: Իր աշխատանքի ամբողջ ընթացքում Էնդրյու Շոֆերն ակտիվորեն պաշտպանել է մարդու իրավունքները, հատկապես կենտրոնանալով կանանց, ազգային եւ այլ փոքրամասնությունների հետ կապված հարցերի վրա: Նրա խոսքով, հավասարությունն իրական պետք է լինի այլ ոչ թե ձեւական. «Այստեղ, Վիենայում, միջազգային կազմակերպությունների ղեկավարների ճնշող մեծամասնությունն այժմ տղամարդիկ են, սակայն, աշխատանքի մեծ մասը կատարվում է կանանց կողմից, ովքեր հաճախ վարչական պաշտոններում են: Կարծում եմ, փոփոխություն է անհրաժեշտ»: Էնդրյու Շոֆերն ամուսնացած է, ունի երկու որդի: Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախորդ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի խոսքով, նոր համանախագահը տիրապետում է Լեռնային Ղարաբաղի հարցին ամբողջ խորությամբ. «Մենք բազմիցս ենք հանդիպել, քննարկումներ ունեցել, այնպես որ նա ունի ամբողջական տեղեկատվությունը, որն ինձ մոտ հավաքվել է վերջին 8 ամիսների ընթացքում: Այնպես որ երկուշաբթի առավոտյան նա կարող է անխափան սկսել աշխատանքը»: