«Եթե միայն ՌԴ-ն զբաղվի հակամարտությամբ, մենք կկորցնենք Արցախը» (տեսանյութ)
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի` իր առաքելությունն ավարտող ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի` ԼՂ հակամարտության կարգավորման մասին հայտարարությանը, այսօր նշեց, որ զարմանալիորեն ՀՀ արձագանքը արագ եղավ. «Հայտարարությունը առանձնապես նորություն չէր, այդ դեպքում ինչու այդպիսի արձագանք եղավ։ Դրանից առաջ Սոչիում տեղի էր ունեցել Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը։ ԱՄՆ-ն լիարժեք տեղյակ չէր հանդիպումից եւ ցանկանում էր այդպիսով հասկանալ` Սերժ Սարգսյանի դիրքորոշումներում արդյո՞ք փոփոխություններ են տեղի ունեցել։ Այսպես եմ ես բացատրում Հոգլանդի խորամանկությունը` հայտարարության մեջ անելով փոքրիկ անճշտություններ»: Մյուս բանախոսը` քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն իր հերթին նշեց, որ ՀՀ իրականության մեջ` արեւմտամետերի եւ ռուսամետերի միջեւ, միայն մի հարցում կոնսենսուս կա` եթե միայն ՌԴ-ն զբաղվի ԼՂ հակամարտության կարգավորմամբ, ապա մենք կկորցնենք Արցախը. «Այս ենթատեքստում եմ ես կարեւորում Հոգլանդի հայտարարությունը։ ԱՄՆ ակտիվացումը դրական է։ ԱՄՆ-ն ասում է` կան մադրիդյան քայլեր, որտեղ կա ամեն ինչ։ Դա շատ դրական է մեզ համար. վերջին 4 տարում ոչ մի բանակցություն չկա։ Ադրբեջանի ուշքնումիտքը Արցախի միջանկյալ կարգավիճակն է, որ հայկական զորքերի դուրս բերելն է, մինչդեռ Հոգլանդն ասում է, որ ԼՂ հարցը լրիվ այլ է` այն պատմական հենք ունի ու կան համապարփակ խնդիրներ»: Ստյոպա Սաֆարյանն ավելացրեց նաեւ, որ ղարաբաղյան խնդիրը եւ հայ-թուրքական հարաբերությունները հիմնական գործիքն են ԱՄՆ ձեռքին` ներազդելու Թուրքիայի վրա. «ԱՄՆ համար Ղարաբաղյան հարցը դառնում է առանցքային։ Ես համաձայն եմ արցախյան արձագանքի հետ` դա անկայունության տանող ուղին է»: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նաեւ կարծիք հայտնեց, որ կասկածում է` եթե ԱՄՆ նախագահը լիներ Օբաման, նման արձագանք լիներ. «Շատ կարեւոր է, թե ով է նախագահը։ Ես չեմ ուզում, որ ապակողմնորոշենք մեր հասարակությանը` ոչ մի բանակցություն էլ չի ընթանում։ Այս փաստաթուղթը, որ Հոգլանդը հնչեցրեց, նույնիսկ անիմաստ է քննարկել, քանի որ ոչ մեկը չի պատրաստվում բանակցել անգամ Նյու Յորքում։ Հոգլանդն ասում է` եթե կողմերը պայմանավորվեն խոսել, ու լինի վստահություն, ապա սրա շուրջ պետք է խոսեն»։