Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեֆիլյանն և Պողոսյանը հրաժարվում են տեսակցել հանրային պաշտպանի հետ

Քաղաքականություն
zhir-dat

Փաստաբան Մարինե Թովմասյանն այսօր հրաժարվեց ներգրավվել որպես Ժիրայր Սեֆիլյանի և Ներսես Պողոսյանի հանրային պաշտպան։ Փաստաբանը պնդեց՝ ինքը այցելել է Քրեակատարողական հիմնարկներ, փորձել տեսակցել Սեֆիլյանի ու Պողոսյանի հետ, ստանալ նրանց համաձայնությունը՝ որպես հանրային պաշտպան ներգրավվելու համար, սակայն մերժում է ստացել նրանցից։ «Քրեական գործին ես ծանոթացել եմ, սակայն դա ընդամենը գեղարվեստական ընթերցում է, և ես չեմ կարող դատավարական ռազմավարություն մշակել, պաշտպանել Սեֆիլյանի և Պողոսյանի շահերը, քանի որ չունեմ նրանց համաձայնությունը»։ Ի պատասխան դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նշեց՝ պաշտպանն իրավունք չունի հրաժարվել իր իրավունքներից։ Մարինե Թովմասյանի պնդմամբ՝ դատավորն իրավունք չունի իրեն պարտադրել օգտվել իր իրավունքներից. «Ձեզ բավարարո՞ւմ է զուտ իմ ֆիզիկական ներկայությունը, հարգելի դատարան»։ Մարինե Թովմասյանն այս պահին դեռևս դատարանում է։ Սանկցիաների պատճառով դատական նիստին չեն մասնակցում Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը, Ներսես Պողոսյանը։ Ներկա չեն նաև նրանց փաստաբանները։ Սեֆիլյանի և այլոց գործով դատական նիստին մեղադրյալներից Սասունիկ Կիրակոսյանի պաշտպանը դատարանին միջնորդեց վերացնել նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը։ Որպես գրավ առաջարկվում է 1 միլիոն դրամ գումար։ Ըստ պաշտպանի Կիրակոսյանն ունի առողջության հետ կապված լուրջ խնդիրներ և նրա կալանավորումը օրեցօր ավելի է ծանրացնում վիճակը։ Բացի այդ, ըստ պաշտպանի, Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որևէ հիմք չի բերել, թե ինչու Կիրակոսյանը պետք է լինի կալանավորված։ Գործով մեղադրող դատախազը հակադարձեց՝ միջնորդությունն անհիմն է. «Կիրակոսյանը ազատության մեջ կարող է խոչընդոտել գործի քննության ընթացքին, թաքնվել նախաքննական մարմնից»։ Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։