«Ոսկե ծիրանի» արգելված ֆիլմի ռեժիսորը բացում է փակագծերը (տեսանյութ)
«Ծիրանի այգիներ» աղմկահարույց ֆիլմը, որ ներկայացված էր «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայացք ներսից և դրսից» արտամրցութային ծրագրում, սակայն չցուցադրվեց, իրանահայ մի տրանսվեստիտ երիտասարդի պատմությունն է, որը գալիս է Հայաստան՝ ծանոթանալու իր զուգընկերոջ ընտանիքի հետ և ամուսնության առաջարկ անելու: Այսօր ֆիլմի ռեժիսոր իրանցի Փուրիա Հեդարը լրագրողների համար փակ դիտում էր կազմակերպել: Եվ ռեժիսորը, և դերակատարները խորհուրդ տվեցին եզրակացություններ անելուց առաջ նախ դիտել ֆիլմը: Սա գեղեցիկ սիրո մի պատմություն է: Իսկ իրական սերը սահմաններ և ինչպես պարզվում է սեռ չի ճանաչում: «Հաճախ էի Հայաստան գալիս, լավ գիտեմ ձեր երկիրը: Իրանահայ ընկերներ ունեմ: Գտնում եմ, որ ազգերը իրար ավելի լավ կարող են ծանոթանալ կինոյի միջոցով»,- ասում է ռեժիսորը: Սցենարի հիմքում Փուրիա Հեդարի խոսքով՝ միավորված են երեք տարբեր իրական պատմություններ: «Որևէ մեկը ինձ այդպես էլ պատասխան չտվեց, թե ինչն էր պատճառը, որ ֆիլմը չցուցադրվեց ոչ «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, ոչ էլ որևէ կինոթատրոնում, չնայած որ օրինական ճանապարհով էի գնացել, ցուցադրման պայմանագիր էի կապել, գումար էի վճարել Կինոկենտրոնի նախկին ղեկավար Գևորգ Գևորգյանին: Այն էլ ասեմ, որ հետո պարզեցի, որ ավելի շատ գումար էի վճարել, քան օրենքով նախատեսված էր։ Սակայն իմ խնդիրը ոչ թե գումար հետ վերադարձնելն է, այլ այն, որ ի վերջո մարդիկ կարողանան դիտել ֆիլմն ու իրենք եզրակացություններ անեն 20 երկրում 51 փառատոններին մասնակցած ու արդեն մի շարք մրցանակ շահած ֆիլմի մասին»։ Ինքը՝ ռեժիսորը, շատ գոհ է մնացել հայ դերասանների խաղից. «Տարբեր փառատոնների ցուցադրությանը հատկապես նշվում էր դերակատարների անմիջական, պրոֆեսիոնալ խաղի մասին. ֆիլմի հաջողությունը ես կապում եմ հատկապես Սամվել Սարգսյանի հետ»: Երիտասարդ սիրահարի դերակատար իրանահայ Նարբեհ Վարդանի համար կինոյում սա առաջին դերն է: «Սկզբում ես տարակուսեցի, սակայն հետո մտածեցի, որ նման դերի առաջարկ կարող է այլևս չստանամ, իսկ դերասանի համար կարևոր է տարբեր կերպարներ մարմնավորել։ «Կարծում եմ՝ ավելի շատ աղմուկ հանեց այս ֆիլմը, քան դրա կարիքը կար: Ես ֆիլմում որևէ անբարոյական բան չեմ տեսնում»,- ասում է ֆիլմի մեկ այլ դերակատար Արայիկ Սարգսյանը: Սա մեզ համար անսովոր թեմա է ընդամենը, իսկ օրինակ հենց Իրանում նման վիրահատությունները օրենքով թույլատրված են: Մենք շատ ավելի սարսափելի երևույթների ականատեսն ենք լինում և լռում ենք: Իսկ ֆիլմում, համենայնդեպս, որևէ քարոզչություն չկա»։