Փաստաբաններին նվաստացնելու նպատակ կա. գործադուլի օրը հայտնի է (տեսանյութ)
Իրավունքների զանգվածային խախտումները փաստաբաններին դրդել է ծայրահեղ քայլի։ 150-ից ավելի փաստաբաններ սեպտեմբերի 13-ին գործադուլ կանցկացնեն։ Այս օրը նրանք չեն մասնակցի դատական նիստերի, բացառություն կլինեն անհետաձգելի դեպքերը։ «Այս մեսիջը ուղղված է պետական մարմիններին, որ մենք չենք պատրաստվում նահանջել, տեղի տալ, կատարել ձեր անօրինական պահանջները, մենք պայքարելու ենք և որպես պայքարի առաջին ձև օգտագործելու ենք գործադուլը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է փաստաբան Մուշեղ Շուշանյանը։ Ամեն ինչ սկսվեց «Սասնա ծռեր» խմբի անդամների, ինչպես նաև՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործերով դատավարություններից։ Ամբաստանյալների շահերը պաշտպանելու շտապած փաստաբաններից շատերը կարգադրիչների պատից այն կողմ չանցան։ «Խուզարկությունների պատճառով մենք չենք կարողանում մասնակցել դատական նիստերին և զրկվում ենք մեր պաշտպանյալներին իրավաբանական օգնություն ցուցաբերելու հնարավորությունից։ Դեպք է եղել, երբ փաստաբանը գրպանից հանել է դրամապանակը, ասել են՝ դրամապանակի պարունակությանը պետք է ծանոթանանք։ Ակնհայտ է, որ փաստաբաններին նվաստացնելու, նրանց արժանապատվությունը նսեմացնելու նպատակով է կատարվում»,- ասում է պարոն Շուշանյանը։ Իսկ ավելի կոնկրետ՝ քաղաքական հնչեղություն ունեցող գործերով նիստերից առաջ կարգադրիչները փաստաբաններից պահանջում են ազատվել արգելված իրերից։ Փաստաբանները հրաժարվում են, չի թույլատրվում նրանց մուտքը դահլիճ, այնուհետ՝ ենթարկվում են դատական սանկցիաների։ Տիգրան Հայրապետյանը դատարաններում խոչընդոտների հանդիպող փաստաբաններից է։ Նրա դեմ մոտ 10 կարգապահական վարույթ է հարուցվել։ Փաստաբան Տիգրան Հայրապետյանն «Ա1+»-ի հետ զրույցում ասում է. «Հիմա մենք թողած մեր պաշտպանյալների շահերի պաշտպանությունը, առարկություններ ենք գրում, որ ՓՊ վարույթներին կարողանանք պատասխանել։ Սա շատ տհաճ ու վատ երևույթ է»։ Փաստաբանները չեն ենթարկվում կարգադրիչների պահանջին նաև այն պատճառով, որ որևէ օրենք չի մանրամասնում՝ որ իրն է դատարանում արգելված, որը՝ ոչ։ Փաստաբանի խուզարկության փորձի վերջին դեպքը օրեր առաջ էր՝ Ավանի դատարանում։ Սասնա ծռերից 14-ի գործով նիստի շտապող փաստաբան Հայկ Ալումյանի մուտքը նիստերի դահլիճ արգելվեց։ Կարգադրիչները նրանից պահանջել էին ազատվել արգելված իրերից, իսկ թե որտեղ է սահմանված այդ ցանկը, հարցը պատասխան չէր ունեցել։ Ըստ Մուշեղ Շուշանյանի՝ այս ամենը նաև ՓՊ-ի կրավորական կեցվածքի հետևանքով է։ «Եթե փաստաբանների պալատի նախագահը ի սկզբանե հստակ դիրքորոշում արտահայտեր, դատապարտեր պետական մարմինների կամայական վարքագիծը, կանգներ, փաստաբանների իրավունքների պաշտպանության դիրքերում, էս խնդիրները վաղուց լուծված կլինեին»,- ասում է Մուշեղ Շուշանյանը։ Մուշեղ Շուշանյանը չի բացառում, որ դատարանում արգելված իրերի ցանկ չի սահմանվում, որպեսզի իշխանությունը փաստաբանների վրա ազդող գործիք ունենա։ Ըստ փաստաբանի՝ հարցը կարող է լուծվել, եթե դատարաններում իրերի ինչ լինելը պարզող սքաներ սարքերի տեղադրումը չթողնվի հաջորդ տարվան, ինչպես նախատեսված է բյուջեով։ Ընդվզող փաստաբանները պետական մարմիններից ակնկալիքների մասին լռում են։ «Ես վստահ եմ, որ պետական մարմինները նույն վարքագիծը շարունակելու են սահմանափակել, ճնշել, հետապնդել և այլն»,- ասում է Մուշեղ Շուշանյանը։ Տիգրան Հայրապետյանը ևս համոզված է՝ իշխանությունը փորձում է վնասել փաստաբանական ազատ համայնքին. «Դատական նիստերի հետևում կառավարում են այս նիստերը, դատարանները չեն որոշում, որովհետև եթե դատարանները հրահանգ ստացած լինեին ինչ-որ ուղղությամբ տանել նիստը, իրենք կանեին դա, բայց այսքան բացահայտ խախտումներ չէր լինի»։ Փաստաբան Մուշեղ Շուշանյանը վրդովված է հատկապես Ժիրայր Սեֆիլյանի ու Ներսես Պողոսյանի գործով վերջին դատավարության ընթացքից։ Այն դեպքում, երբ Ժիրայր Սեֆիլյանն ու Ներսես Պողոսյանը հրաժարվել են հանրային պաշտպան Մարինե Թովմասյանի ծառայությունից, վերջինս չլքեց դատարանի դահլիճը՝ դրանով դատավոր Տաթևիկ Գրիգորյանին հնարավորություն տալով առանց մեղադրյալների ու պաշտպանյալների սկսել դատաքննությունը։ «Փաստաբան Մարինե Թովմասյանը փաստաբանի վարքագծի այնպիսի կոպիտ խախտում է թույլ տվել, որ դրա համար նա պետք է զրկվի փաստաբանական գործունեության արտոնագրից։ Ես փաստաբան Մուշեղ Շուշանյանս պահանջում եմ, որ ՓՊ-ն կարգապահական վարույթ հարուցի Մարինե Թովմասյանի նկատմամբ ու ես ամեն ինչ անելու եմ, որ Մարինե Թովմասյանը զրկվի փաստաբանական գործունեության արտոնագրից»,- ասում է Մուշեղ Շուշանյանը։ Մուշեղ Շուշանյանը մինչ հանրային պաշտպանի ներգրավումը պաշտպանում էր Ժիրայր Սեֆիլյանի շահերը։ Ի դեպ, գործադուլի օրը փաստաբանները ոչ միայն աշխատանքի չեն գնա, այլև հանդես կգան հրապարակային ելույթներով ու միջոցառումներով։