Հայրիկս ինձ համար կառուցեց այս դահլիճն իր ձեռքերով. Գոհար Ներսիսյան (տեսանյութ)
Գոհար Ներսիսյանը երգել սկսեց 15 տարեկանում, մինչ այդ դաշնամուր էր նվագում։ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում ուսանեց տարբեր մանկավարժների, նաև Արաքս Դավթյանին: Իտալիայի Սիենա քաղաքում վարպետության դասեր անցավ Լա-Սկալա օպերային թատրոնի պրիմադոննա Ռայնա Կաբաիվանսկու մոտ և արժանացավ դիպլոմի։ «Կարևորը՝ պետք է գտնես քո մանկավարժին։ Ես գտա Նելլի Փիրումովային, որից անչափ շնորհակալ եմ»,- ասում է երգչուհին։ Գոհարի երգացանկը մեծ է՝ օպերային արիաներ, ռոմանսներ, շարական և ջազ: Բնօրինակով կատարելու որևէ խնդիր նույնպես չունի, քանի որ տիրապետում է օտար լեզուների՝ մասնավորապես ռուսերենի, անգլերենի, իտալերենի ու ֆրանսերենի։ «Երեք տարի առաջ իմ հայրիկը կառուցեց այս դահլիճը կարելի է ասել իր ձեռքերով։ Ասել շնորհակալ եմ՝ նշանակում է ոչինչ չասել։ Այն, ինչ ինձ համար անում են ծնողներս, անգնահատելի է։ Հիմա ազատ կարող եմ իմ ծրագրերը իրականացնել»,-ասում է Գոհարը։ https://youtu.be/FVOhUg_IpHM Հուսով է, որ նման համերգներ հիմա արդեն հաճախ կկարողանա կազմակերպել։ Իր ուսանողներն ու գործընկերները կարող են ելույթ ունենալ այս դահլիճում։ Եվ որ ամենակարևորն է՝ մեծ ցանկություն ունի բարեգործական համերգներ կազմակերպելու, օգնելու կոնսերվատորիայի այն սաներին, որոնք ուսման վարձը դժվարանում են վճարել։