Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապրել Հայաստանում, սովորել ու աշխատել արտերկրում. սիրիահայ աղջկա մտորումները

Հասարակություն
siriahay

Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի միջանցքում քայլում է 13-ամյա Շողնան։ Արդեն 5-րդ տարին է, որ Հալեպից Հայաստան եկած աղջիկն իր սեպտեմբերի 1-ը  տոնում է այս դպրոցում։ Երջանիկ է, ժպտում է ու արդեն վարժ խոսում հայերեն։ Անհամբեր ուզում էր  իմանալ՝  սիրիահայ երեխաներ այս տարի ընդունվե՞լ են իրենց դպրոց, թե՞ ոչ։ Նստեց սեղանի դիմաց, աչքերը հառեց առաստաղին, խորը շունչ քաշեց ու սկսեց պատմել իր պատմությունը։ « 8 տարեկան էի, որ ծնողներիս հետ եկանք Հայաստան։ Արդեն 5 տարի է, ինչ Հայաստանում ենք։ Այդ ժամանակ Սիրիայում պատերազմն այդքան թեժ չէր, ինչպես հիմա է։ Ընտանիքով եկանք Հայաստան, բայց չվերադարձանք։ Հետո մեզ լուրեր հասան, որ Սիրիայում վիճակը ծանրացել է։ Մինչ մեր գալը, մենք ընտանիքով տեսանք, թե ինչպես կրակոցից մահացավ մեր բարեկամը։ Հիշում եմ, որ մեկ անգամ էլ ահազանգ ստացանք դպրոցում, որ ռումբ կա։ Մեր ծնողները եկան ու մեզ տարան տուն։ Դրանք պատերազմի այն դեպքերն էին, որոնք ներկայիս վիճակի պես թեժ չէին։ Մտածում էինք, որ մեկ ամսից կվերջանա։ Սակայն....Շատ բան չեմ տեսել, սակայն տեսածս հերիք է հասկանալու համար, որ պատերազմը լավ բան չէ։ Մենք որոշեցինք  չվերադառնալ Սիրիա»։ Շողնան պատմում է Հալեպի հայկական դպրոցների ու կրթության կազմակերպման մասին. «Ես սովորում էի հայկական դպրոցում, որը վճարովի էր։ Սիրիայում բոլոր դպրոցներն էին վճարովի։ Այնտեղ դպրոցներն ավելի բարեկարգ էին, քան այստեղ՝ Հայաստանում։ Բոլոր դասասենյակները տեսանկարահանվում էին։ Ուսուցչական կազմը շատ խիստ էր ու պահանջկոտ, սակայն դասից դուրս նրանք մեզ հետ շատ ընկերական էին։ Դպրոցում կային նաև արաբներ, որոնք քիչ թիվ էին կազմում։ Տնօրինությունը մեզ սովորեցրել էր, որ տարբերություն չդնենք հայերի ու արաբների միջև։ Էնտեղ արաբերենն էր, որ մի փոքր կաղում էի, իսկ էստեղ ռուսերենն է։ Հարվածային եմ, քանի որ ռուսերենից թույլ եմ, բայց հիմա պարապում եմ, որ ամեն ինչ կարգավորվի։ Հայաստանում  նույնպես լավ կրթություն ենք ստանում։ Կարծում եմ, որ միակ տարբերությունը դասասենյակների մեջ է։ Հալեպում ամեն ինչ նոր էր, լավ պահպանված ու ժամանակակից»։ Շողնան ցանկանում է դառնալ դիզայներ, սակայն մտահոգ է, որ Հայաստանում այս մասնագիտությունը այդքան էլ պահանջված չէ. «Դե բնականաբար սկզբում մի փոքր դժվար հարմարվեցինք թե՛ ես, թե՛ ընտանիքս, բայց հետո ամեն ինչ հունի մեջ ընկավ։ Երբ նոր էինք եկել, ցանկանում էի նորից վերադառնալ Սիրիա։ Հիմա նույնպես ցանկություն կա։ Լավ եմ սովորում, որ դիզայներ դառնամ, բայց ապագաս Հայաստանում չեմ տեսնում։ Էստեղ աշխատատեղեր չկան՝ կապված իմ  մասնագիտության հետ։ Երևի կգնամ եվրոպական որևէ երկիր, էնտեղ կկատարելագործվեմ ու կաշխատեմ։ Բայց ցանկանում եմ ապրել Հայաստանում։ Եթե այստեղ ինչ-որ բան փոխվի, ու իմ ընտրած մասնագիտությունը ավելի զարգանա, ապա դուրս չեմ գնա»։ 13-ամյա աղջիկը ցանկանում է, որ բոլոր հայերը գան ու բնակվեն Հայաստանում, քանի որ այդպես միասնական կլինեն։ «Քանի դեռ պատերազմը չէր սկսվել, Հալեպում ոչ ոքի մտքով չէր անցնում Հայաստանի ու առավել ևս Հայաստանում բնակվելու մասին։ Մենք հիմա էլ տուն ունենք Հալեպում, որը չի քանդվել։ Մեր բոլոր բարեկամները Սիրիայում են։ Էստեղ մեր ընտանիքը միայնակ է։Սակայն Հայաստանում ինձ ապահով ու պաշտպանված եմ զգում։ Գրեթե նույն ապրումներն  ունեցանք նաև ապրիլյան պատերազմի ժամանակ։ Հիմա նույնպես ուզում եմ գնալ Սիրիա։ Իմ մանկությունը, հիշողությունները ու ամեն ինչ կապված է Սիրիայի հետ։ Ես այդ ամենը չեմ կարող մոռանալ։ Հիմա ամբողջ Սիրիան քանդված է։ Մնացել են մի քանի քաղաքներ, որոնք ռմբակոծված չեն։ Երազում եմ, որ պատերազմը շուտ ավարտվի։ Թող բոլոր հայերը ապրեն մեկ տեղում, թող գան Հայաստան, որ միասնական լինենք։ Պատերազմի հետևանքով Սիրիայից աշխարհի տարբեր երկրներ ցրվեցին շատ հայեր, ու վերացավ միասնականությունն անգամ Սիրիայում։ Ծնողներս չեն ցանկանում վերադառնալ Հալեպ, բայց ես մի օր կվերադառնամ»։ Զրույցն ավարտեց ու լուսավոր ժպիտով դուրս եկավ դպրոցի միջանցք։ Նա ցանկանում էր տեսնել իր նոր ընկերներին։