Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ի՞նչ իմանանք՝ ինժեներական, թե ինչ-որ մեկի ականջից են կտրել կրճիկը» (տեսանյութ)

Քաղաքականություն
AJ-2

Ի՞նչ է գենետիկ ինժեներիան: Սահմանումը, ըստ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի, ՀՀ-ում չկա: Միայն Սահմանադրության մեջ է ասվում, որ մարդու օրգանները, հյուսվածքները չի կարելի եկամուտի մաս դարձնել:    «Մինչդեռ Առողջապահության փոխնախարարն ասում է, որ կրճիկավոր օրգանների խնդիրներ են լուծում: Հիմա՝ Սահմանադրության հոդվածը առնչվո՞ւմ է սրան, թե ոչ: Մենք այս հարցի պատասխանը չունենք: Քանի դեռ մենք օրենսդրությամբ չենք սահմանել, թե ինչ է գենետիկ ինժեներիան, ուրեմն այս գործողությունը, այդ թվում՝ ներդրողների, այդ ճյուղի զարգացման, աշխատատեղեր ստեղծելու շահերից ելնելով հարվածի տակ է»,- այսօր ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում հայտարարեց Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, երբ քննարկվում էր  գենետիկ ինժեներիայի գործունեության լիցենզավորման կարգի հանման, փոխարենը՝ այդ բիզնեսի համար միայն ծանուցմամբ բավարարվելու մասին նախագիծը: Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն այլ կարծիքի էր. «Մենք այստեղ չենք խոսում օրգանների վաճառքի մասին: Խոսքը գնում է մի մեծ ինդուստրիայի մասին, որն այսօր օրեց օր աճում է, որ լաբորատոր պայմաններում կարողանում են ստանալ մարդու ականջի խեցու ճիշտ նմանակը՝ կրճիկների տեսքով եւ իրեն՝ որպես իմպլանտ տեղադրում են»: «Ասենք՝ կրճիկ է դրված, ի՞նչ իմանանք՝ ինժեներական է, թե ինչ-որ մեկի ականջից կտրել, հանել են»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով. «Սա հարց է, որ առնչվում է ազգային անվտանգության հետ, այդտեղ մենք չենք կարող սողանցքներ թողնել, հետո էլ ասենք՝ դե, էն ժամանակ չէինք մտածում, որ նման հարց կարող էր ծագել, պարզվեց՝ նման հարց ծագեց: Ասենք՝ մտածո՞ւմ էինք Խոսրովի արգելոցում հրդեհ չի լինի, մեկ էլ՝ եղավ հրդեհ, կամ մտածո՞ւմ էինք՝ «Նաիրիտ»-ում հրդեհ չի լինի, մեկ էլ՝ եղավ հրդեհ»:  Հանձնաժողովում քննարկվեց նաեւ «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» նախագծից հանել 8-րդ կետը, որով սահմանվում էր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ բուժման նպատակով մուտք գործելու կարգը: Այն գործնականում չի կիրառվել: «Ստացվում է՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ մարդը երբ ուզեցել եկել, գնացել է, ուզեցել է բուժվել է, ուզեցել է՝ չի բուժվել, ուզեցել է օգուտ է տվել, ուզեցել է վնաս է տվել: Այսինքն՝ մենք այնքան էլ չենք վերահսկում՝ մեր երկիր մուտք գործող անձը հիվա՞նդ է, թե ոչ: Դրա համար լրիվ անիմաստ մի հոդված է եղել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: «Համաձայն եմ՝ առաջին իսկ օրվանից՝ օրենքը  գրելու օրվանից, այն չգործող օրենք է եղել»,- պատգամավորի հետ համաձայնվեց Սերգեյ Խաչատրյանը:   Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին նախագիծը: Հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշեց, որ 2003թ. եղել է 111 հազար, իսկ 2016թ. արդեն 205 հազար հաշմանդամ. «Մենք համոզված ենք, որ շատ մարդիկ կան, որոնք իրական չափորոշիչներին չեն համապատասխանում հաշմանդամության եւ շատ մարդիկ էլ կան, որոնք համապատասխանում են, բայց հաշմանդամ կոչումը չունեն:Քաղաքականությունը մեր պետք է լինի՝ ամեն ինչ անել հաշմանդամ չունենալ: Նախ` փողը տանք, հաշմանդամ չունենանք, հետո տեսնենք ովքեր են մնում հաշմանդամ, նոր նրանց մասին մտածենք»: Քննարկված բոլոր նախագծերը դրական եզրակացությամբ մտան ԱԺ լիագումար նիստերի օրակարգ: