Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես չեմ խաղում, ես ապրում եմ կերպարի մեջ». Ռաֆայել Քոթանջյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Մշակույթ
qotanjyan

«Որտեղից որտեղ լենինականցի մայրս գալիս է Երևան՝ ընդունվելու բժշկական ինստիտուտ և հանդիպում հորս, որ ծնվել էր Ղարսում: Ես ծնվեցի Թբիլիսիում, ուր հայրիկիս գործուղել էին աշխատելու: Միգուցե եթե Երևան չտեղափոխվեինք, եթե Մայակովսկու դպրոցում չսովորեի ու չհանդիպեի ռուսաց լեզվի ուսուցչուհուն, որ երազել էր դերասանի մասնագիտության մասին, սակայն ինչ-ինչ պատճառով ընտրել էր մանկավարժությունը, և որը իմ մեջ արթնացրեց սերը դեպի բեմ, միգուցե և լսեի հայրիկիս ու ճարտարապետ դառնայի»,- ասում է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը: Բարձրագույն ռեժիսորական կուրսերի ուսանող էր, երբ նկարահանվեց Գայդայի Ադամանդե ձեռքը ֆիլմում: Մի փոքր տեսարան, սակայն ջերմ հիշողություններ: «Ես չեմ խաղում,- ասում է Ռաֆայել Քոթանջյանը,- ես մտնում ու ապրում եմ կերպարի մեջ»: Դերերի պակաս երբևէ չի ունեցել՝ ոչ թատրոնում, ոչ կինոյում: Նկարահանվել է տարբեր կինոստուդիաներում, լավագույն ռեժիսորների լավագույն ֆիլմերում: «Թատրոնում երջանիկ օրեր շատ են եղել,-ասում է: Դրամատիկականում խաղացել եմ իմ լավագույն կերպարները: Եղել են ներկայացումներ, որ խաղացվել են 300-500 անգամ: Թատրոնում, հնարավորություն ունես դերը կատարելագործելու, նոր գույներ հաղորդելու, կինոյում՝ խաղացիր ու վերջ, լավագույն դեպքում մի քանի դուբլից լավագույնը կարելի է ընտրել»: «Երջանկությունը լավ ընտանիքն ու սիրած գործն է: Այս առումով երջանիկ մարդ եմ»,- ասում է ժողովրդական արտիստը: Այսօր Ռաֆայել Քոթանջյանի հոբելյանն է: